Մանվել Գրիգորյանից հողերը վերադարձնելու մեխանիզմ չունենք, դատարան դիմելու դեպքում կպարտվենք. Ակնալիճ համայնքի ղեկավար

14:36 • 25.04.19

Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթացն Արմավիրի մարզում իրականացվելու է Ակնալիճ և Տարոնիկ համայնքներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սիրանույշ Աբրահամյանը հայտարարել էր, որ սկսվել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց, այն մեկնարկել է Արմավիրի մարզից:

Անդրադառնալով հարցին թե կոնկրետ ինչ մեխանիզմով է վերադարձը կատարվելու, մարզպետարանից նշեցին, որ այդ հարցով պետք է դիմել Տարածքային կառավարման նախարարություն և տվյալ համայնքների ղեկավարներին:

Tert.am-հետ զրույցում Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն ասաց, որ չեն պատրաստվում Մանվել Գրիգորյանի դեմ դատական հայց ներկայացնել, քանի որ կարծում է, որ ներկայացնելու դեպքում կպարտվեն,Գրիգորյանը համարվում է օրինական ձեռքբերող, բացի այդ, խնդիրն այն է, որ հողերն Ակնալիճից տարիներ առաջ են օտարվել:

 «Ես դեռ տեղեկացված չեմ՝ ինչ մեխանիզմով է լինելու վերադարձը, բայց կոնկրետ այդ տարածքները նախկինում եղել են Ակնալիճինը, բայց 2006թ-ից հատկացվել են Տարոնիկ համայնքին՝ ինչ-ինչ անհայտ պատճառներով: Եթե նույնիսկ Մանվել Գրիգորյանը հողերը վերադարձնի, միևնույն է, Ակնալիճ համայնքի վարչական տարածքում չի գտնվի: Մենք արխիվներից դուրս ենք բերել փաստաթղթերը: Դիմել ենք մարզպետին սպասում ենք պատասխանի, այդ գործընթացը մարզպետարանի միջոցով է տեղի ունեցել, իրենց կողմից է եղել սխալը»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը:

Գևորգ Միսակյանը նաև ասաց, որ հողատարածքները Մանվել Գրիգորյանը ձեռք է բերել առնվազն 10-15 տարի առաջ: Խոսքը 330 հեկտար հողատարծքի մասին է:

«Դեռ 2 հողատարածքի մասին է խոսքը: Նման դեպքերում խնդիրը պետք է լուծվի կա՛մ դատարանի, կա՛մ փոխհամաձայնության միջոցով: Դատարան ոչ թե Տարոնիկ համայնքը պիտի դիմի, այլ մենք ենք շահագրգիռ կողմը, մենք էլ չենք դիմի: Մենք միայն կարող ենք դիմել Տարոնիկ  համայնքին՝ հողը վերադարձնելու մասով, մնացածը  պարզ չէ, թե ինչ մեխանիզմով պետք է լինի»,- նշեց նա:

Գյուղապետը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերած 10.5 մլն դոլար արժողությամբ տարածքի մասին:

«Մանվել Գրիգորյանից հողերը վերադարձնելու մեխանիզմ ո՛չ Ակնալիճի, ո՛չ Տարոնիկ համայնքի ղեկավարները չունեն, քանի որ աճուրդով գնել է, հարկ ու տուրքը տալիս է, մարդն ունի սեփականության վկայական ի՞նչ հիմքերով պետք է վերադարձնենք, այդ հարցով պետք է կառավարությունը զբաղվի երևի»,-նշեց նա: