Երևանում պետք է վերակառուցվի 6 դպրոց. դպրոցներից ասում են՝ դեռ միայն նախագծման աշխատանքներ են իրականացվում, ըստ կառավարության՝ մրցույթները հայտարարված են

22:05 • 25.04.19

Երևանի վեց դպրոցի ապամոնտաժման և դրանց փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը:

Փետրվարի վեցին կառավարության կայացրած որոշումով մինչև 2019թ.–ի վերջը պետք է սկսվի Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի, «Հերացի» ավագ դպրոցի, Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և թիվ 116 հիմնական դպրոցի շենքերի ապամոնտաժման աշխատանքները։ Դպրոցները պետք է ապամոնտաժվեն, դրանց փոխարեն կառուցվեն սեյսմակայուն դպրոցներ:

Կառավարության այս որոշումը պայմանավորված է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նոր դպրոցական շենքերի կառուցման պայմանագրով:

Հասկանալու համար, թե ինչ փուլում են աշխատանքները, Tert.am-ը զրուցել է դպրոցների տնօրենների, ներկայացուցիչների հետ:

Երևանի Հակոբ Կարպենցի անվան դպրոցի տնօրեն Սիրանույշ Վարդանյանը Tert.am-ին փոխանցեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: «Իհարկե, աշխատանքներ տարվում են, տեղի են ունենում հանրային քննարկումներ: Աշխատանքները փուլ առ փուլ կատարվում են, ընթացքի մեջ են»,- ասաց դպրոցի տնօրենը:

Նա նշեց, որ դեռ ապամոնտաժման աշխատանքները չեն սկսվել, իսկ դասապրոցեսն իրենց մոտ բնականոն հունով շարունակվում է: «Դեռ տենդեր պետք է հայտարարվի: Կարծես թե, այդ փուլի վրա ենք կանգնել. ապամոնտաժման և շինարարության այդ տենդերը դեռ հայտարարված չէ, ես Ասիական բանկի ներկայացուցչից գիտեմ այդ տեղեկությունը»,- ասաց Սիրանույշ Վարդանյանը

Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրից էլ Tert.am-ին փոխանցեցին, որ ոչ մի տեղեկություն դեռ չունեն որոշման հետ կապված: «Աշխատանքներ չեն սկսվել մեզ մոտ»,- ասացին դպրոցից:

Հարցին՝ առհասարակ իրենց մոտ քննարկո՞ւմ էլ չի եղել՝ կառավարության որոշման հետ կապված, պատասխանեցին, որ տեղեկություն չկա այս պահին:

Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցից էլ Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ որոշումը կայացվելուց հետո իրենց դպրոց ոչ ոք չի եկել, ոչինչ չի արվել:

Երևանի «Հերացի» ավագ դպրոցից էլ ասացին, որ իրենց մոտ նախագծային աշխատանքների ավարտն է գնում: «Ընթանում են հանրային լսումներ, քննարկումներ, նախագծող կազմակերպությունից էլ մեզ ասել են, որ դեռ ունենք ժամանակ: Արդեն ուսումնական տարին ավարտելուց հետո պետք է տեղափոխվենք համապատասխան վայր, որտեղ կշարունակենք մեր կրթության կազմակերպումը, որ դպրոցն ապամոնտաժվի: Պահպանվելու է միայն դպրոցի ճարտարապետական նշանակություն ունեցող դիմացի մասը և երկու կողքերը, մնացածն ապամոնտաժվելու է»,- ասաց դպրոցի տնօրենը:

Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցից էլ ասացին, որ իրենց մոտ էլ աշխատանքները սկսվել են. «Նախագծողներն են եկել, նայել տարածքը: Մենք հանդիպել ենք ինժեներների հետ, և նրանք կատարել են էդ փորումները, շենքի կողքի ազատ տարածության մեջ գեոդեզիա են արել մարտ ամսին և հիմա դրա հիման վրա նախագծում են նոր շենք»,- ասաց դպրոցի տնօրեն Արմեն Բաղդասարյանը

Երևանի թիվ 116 հիմնական դպրոցից էլ ասացին, որ նախագծային աշխատանքներ են ընթանում իրենց մոտ: «Դեռևս չեն սկսվել աշխատանքները ինչ-որ նախագծման աշխատանքներ են եղել, բայց վերջնական աշխատանքները, որ սկսվեն, այդպիսի քայլեր չեն իրականացվել»,- ասացին դպրոցից:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գրեթե վեց դպրոցների ապամոնտաժման և կառուցապատման համար մրցույթներ հայտարարվել են:

«Միայն Կոջոյանի անվան դպրոցի հետ կապված խնդիր կա: Այդ դպրոցի հետ կապված աշխատանքներ, մրցույթ չի եղել, պետք է կոյուղագիծ տեղափոխվի քաղաքապետարանի կողմից, մինչև դա չիրականացվի, մրցույթ չենք կարող հայտարարել»,- ասաց Նարինե Ավետյանը:

Նա նշեց, որ «Հերացի» դպրոցն էլ միջազգային փորձաքննություն է անցնում: «Մոտ օրերս դա կավարտվի, և նոր միայն մրցույթ կհայտարարվի»,- նշեց նա:

Մնացած դպրոցների համար, ըստ Ավետյանի, մրցույթները հայտարարվել են, իսկ 116 և 95 դպրոցների համար էլ մոտ օրերս պայմանագրերը կկնքվեն: Նրա փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ դպրոցների ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն, և հենց այս տարի էլ կառուցապատման աշխատանքները կսկսվեն:

«Մեկ մրցույթով է գնում, ով որ կառուցապատելու է, նա էլ ապամոնտաժման աշխատանքներն է տանելու: Այսինքն՝ մեկ հոգու հետ են պայմանագիր կնքում, որն ավելի արդյունավետ է»,- ասաց նա և հավելեց, որ ծրագրով նախատեսվում է կառուցապատել 38 դպրոց:

Ամալյա Առաքելյան