Շրի Լանկայի իշխանությունները նախազգուշացրել են ապրիլի 26-ին մզկիթներում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին
Շրի Լանկայի իշխանությունները նախազգուշացրել են կղզու մզկիթներում ահաբեկչության վտանգի մասին, ինչով պայմանավորված անվտանգության հավելյալ միջոցառումներ են ընդունվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ինչպես աղբյուրը հայտնում է, ավելի վաղ սոցցանցերում լուսանկարներ էին տարածվել, որոնցում պատկերված էին ծառայողական թղթեր, որոնք վկայում են մզկիթների վրա սպասվող հարձակումների մասին: Իշխանությունները, սակայն, չեն հաստատել այդ փաստաթղթերի իսկությունը:
Բացի այդ, երկրի մահմեդական կրոնական գործերի հարցով նախարարը կղզու մուսուլմաններին կոչ է արել զերծ մնալ մեծ թվով մարդկանց հավաքատեղիներից հատկապես ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ ի նշան կաթոլիկ համայնքի հետ համերաշխության:
Հիշեցնենք, որ Սուրբ Հարության տոնին Շրի Լանկայի մայրաքաղաքի մի շարք եկեղեցիներում և այլ հաստատություններում պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 359-ի: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»:










