ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանատանը գտնվող ակտիվիստներն սպասում են շենքի գրավմանը
Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատանը գտնվող ակտիվիստներն սպասում են ամերիկյան իշխանությունների կամ ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի կողմնակիցների կողմից շենքի գրավմանը: Այս մասին հայտարարել է Code Pink հակառազմական կազմակերպության ներկայացուցիչ Մադեա Բենջամինը:
«Չգիտենք, կգա՞ն արդյոք նրանք վաղը, սակայն լուրջ շանսեր կան»,- Բենջամինի խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն:
Հինգշաբթի օրն ավարտվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության սահմանած ժամկետը, ըստ որի Վենեսուելայի դիվանագետները պետք է լքեն դեսպանատունը: Այն պաշտոնապես փակված է, սակայն արդեն երկու շաբաթ է, ինչ ակտիվիստներն զբաղեցրել են տարածքը: Նրանք կոչ են անում Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ չկիրառել և դեմ են ԱՄՆ-ի կառավարության միջամտությանը երկրի գործերին:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 21-ին սկսված բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով երկրի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր հռչակել, որի իշնանությունը ճանաչել էին աշխարհի մի շարք երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ն, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին։










