ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորումը կբերի ծավալների, փոխհոսքերի մեծության աճի, ինչն էլ էժան էլէներգիայի հիմք է․ Գարեգին Բաղրամյան

15:32 • 26.04.19

Էներգետիկ շուկայի ազատականացումը սպառողների, մատակարարի ու էլեկտրականություն արտադրողների փոխադարձ պատասխանատվությունների սահմանում է ենթադրում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Ամբողջ պատասխանատվությունն այսօր կրում է «Էլցանցերը», նախատեսվում է, որ բոլոր այն խոշոր սպառողները, որոնք կանխատեսում են անում և որոշակի շեղում են անում կանխատեսումից, որը բերում է ֆինանսական հետևանքների, պետք է պատասխանատվություն կրեն»,- մանրամասնեց նա։

Բաղրամյանի կարծիքով՝ շուկայի ազատականացումը նաև կզարգացնի միջսահմանային առևտուրը։ Նրա խոսքով՝արդեն սկսվել է ենթակառուցվածքների զարգացման գործընթացը, ավելին՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրակայանի շինարարությունն առաջիկա տարիներին կավարտվի:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանը, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական միասնական շուկայի լիարժեք գործելու դեպքում ՀՀ-ից էլէներգիայի արտահանման ծավալները կարող են մեծանալ։

«Ինչպես նաև որոշ առումով սեզոնային ավելի էժան էլէներգիայի ներկրման հնարավորություն կստեղծի։ Շուկաների միավորումը բերում է նրան, որ ընդհանուր շուկայի շրջանակներում ավելի շատ սպառողներ են լինում, այսինքն՝ պահանջարկը մեծանում է, արտադրության ծավալները մեծանում են, ընդհանուր շուկայի շրջանակում ավելի շատ սպառողներ են լինում։ Այսինքն՝ պահանջարկը մեծանում է, արտադրության ծավալները մեծանում են, հետևաբար, կարող է լինել էժան էլէներգիայի հոսք։

Եթե, օրինակ, Ղազախստանում ինչ-որ սեզոնային էլէներգիա կա, էժան կարող է վաճառվել ՀՀ-ում՝ դուրս մղելով մեզ մոտ ստիպված աշխատող ջերմակայանին։ Կարող է լինել նաև հակառակը՝ ՀՀ-ն էժան վաճառի ԵԱՏՄ անդամ երկրներին»,- շարունակեց Գարեգին Բաղրամյանը։

ՀԾԿՀ նախագահի գնահատմամբ՝ ծավալների, փոխհոսքերի մեծության աճը կբերի էժան էլեկտրաէներգիայի։

 

 

ՀեղինակԱնի Օհանյան