Խաչատուր Սուքիասյանը հերքում է, թե պատգամավորները «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսում՝ ելնելով իր շահերից

15:04 • 26.04.19

Գործարար Խաչատուր Սուքիասյանը «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի նախաձեռնողներից է եղել և դեմ կլիներ, եթե փոփոխությամբ որոշվեր նույն անվանմամբ տարբեր արտադրողներ ունենալ:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հրապարկմանը, թե «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ, որի նպատակը նոր իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի առաջմղումն է:

Խաչատուր Սուքիասյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին շրջանում մի քանի լրատվականներ պարբերաբար իմ անվանն առնչվող լուրեր են հրապարակում, բոլորն էլ՝ սուտ:
Մեր թիմը, փաստեր ներկայացնելով, հերքել է այդ բոլոր սուտ լուրերը:
Այսօր հերթական լուրն է հրապարակվել, որում կրկին շոշափվում է իմ անունը: Լրատվամիջոցը գրել է, թե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փորձում է փոխել «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքը՝ շահարկելով իմ անունը:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես գործող օրենքի նախաձեռնողներից մեկն եմ եղել: Ինքս դեմ կլինեի առաջարկվող փոփոխություններին, քանի որ գործող օրենքը թույլ է տալիս ապահովել ըստ Հայաստանի աշխարհագրական տեղանունների ապրանքատեսակի հայտնիությունը և բրենդների ինստիտուտի զարգացումը:

Ովքեր ծանոթ չեն օրենքին, մեկ պարզ օրինակ բերեմ՝ միտքս հասկանալի դարձնելու համար: Ասենք, Տավուշի մարզում գործող գինու գործարանը չի կարող արտադրել «Արենի» անունով գինի, իսկ Պռոշյանի կոնյակի գործարանը՝ «Իջևան» բրենդով գինի: Այս օրենքը պաշտպանում է թե՛ սպառողների և թե՛ արտադրողների իրավունքները: 

Լինելով խոսքի ազատության ջատագով՝ հերթական անգամ ցավ եմ ապրում, որ նման ապատեղեկատվություն տարածելով մի շարք զանգվածային լրատվության միջոցներ հեղինակազրկում են մամուլի և խոսքի ազատության դերը Հայաստանում»:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակման՝ պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում: Այս փոփոխության ընդունման դեպքում Հայաստանում հնարավոր կլինի մի քանի «Ջերմուկ» կամ «Բջնի» անվանումով հանքային ջրերի արտադրողներ ունենալ: 

«Այսինքն` օրինակ, Խաչատուր Սուքիասյանը կկարողանա իր «Սիլ» հանքային ջուրը անվանել «Բջնի», կամ տասնյակ ընկերություններ կկարողանան «Ջերմուկ» անվանումով հանքային ջուր արտադրել: Բնականաբար, այս նախաձեռնությունը հիմնավորվում է մրցակցային իրավիճակի բարելավում և այլ ճոռոմ ձևակերպումներով»,-գրել էր թերթը: