Այդ քննարկումներում մեզ համար նորություն չկա, վաղուց առաջարկներ ներկայացրել ենք․ Մ․Մելքումյանը՝ ցեմենտի հետ կապված քննարկումներին չմասնակցելու մասին

17:05 • 26.04.19

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իրենց՝ ցեմենտի խնդրի հետ կապված քննարկումներին մասնակցելուց հրաժարվելն իշխանությանը պատերազմ հայտարարել չի դիտարկում, ինչպես նշել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Մելքումյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Աղազարյանը նշել է, թե ԲՀԿ-ն մեղմ տոնով է պատերազմ հայտարարում։

«Մեղմ տոներով պատերազմներ չեն լինում, պատերազմները լինում են հուժկու»,- կատակով ասաց նա։ Մելքումյանի խոսքով՝ իրենք քննարկումներից հրաժարվել են, որպեսզի զերծ մնան շահարկումներից, թե խոսում են բացառապես իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շահերից։ Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ, իրականում, Գագիկ Ծառուկյանին բոլոր պայմանները շահեկան են։

«Պետք լինի, Գագիկ Ծառուկյանը կարող է կլինկեր բերել ու ցեմենտ արտադրել։ Նա պարզապես ցանկանում էր արձանագրել, որ 1400  աշխատատեղերի, գումարած 500 վարորդների աշխատատեղ և այլն, այսինքն՝ 2000-ից ավել աշխատատեղերի բացակայության քաղաքական պատասխանատվությունն ընկնում է քաղաքական մեծամասնության վրա»,- ասաց Մելքումյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ իրենք, այդ քննարկումներին մասնակցելով, որևէ նոր բան չէին իմանալու, քանի որ հստակ գիտեն, թե ինչ ծախս է լինում, որն ինչքան է նստում և այլն։ Ըստ նրա՝ իրենք ամեն բան հաշվարկել են և վաղուց ներկայացրել են իրենց առաջարկները։

«Մի հարց՝ հաշվե՞լ են, թե խոշոր արդյունաբերական ձեռնարկությունում մեկ աշխատատեղի ստեղծելն ինչ է նստում, եթե 1000-ներով փակում են, բայց մեկը չեն բացում։ Սկզբից պետք է գնահատել ծախսը, դա սրճարանի կամ մի առևտրի կետի աշխատատեղ չէ,  քանի որ խոշոր արդյունաբերական ընկերության մի աշխատատեղը հազարավոր դոլարներ է նստում»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների դիտարկումներին, թե իրենք «Արարատցեմենտից» կարող են պահանջել փաստաթղթեր, որոնք կարող են չցանկանալ իրենց տրամադրել, Մելքումյանը շեշտեց, որ «Արարատցեմենտը» որևէ բանից չի վախենում։

«Որևէ խնդիր «Արաարտցեմենտը» չի կարող ունենալ, այստեղ ամեն տարի արտաքին աուդիտ է լինում, իսկ այդ հաշվեստուգողները ճանաչված միջազգային աուդիտորներ են, փողոցից բռնած մարդիկ չեն։ Ցանկացած ինֆորմացիա բաց է, կարող են ամեն փաստաթուղթ պահանջել, իհարկե, եթե առևտրական գաղտնիք չի պարունակում»,-եզրափակեց Միքայել Մելքումյանը։ 

 

ՀեղինակԱնի Օհանյան