Ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբում հարձակվել են հայ ընտանիքների վրա. Hawar
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբ քաղաքում հարձակվել են հայ ընտանիքների վրա, ինչի հետևանքով կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է քրդական hawarnews.com լրատվական կայքը՝ «Հայոց ցեղասպանության» փոխարեն կիրառելով «հայկական ջարդեր» արտահայտությունը:
Թուրքական բանակի և վարձկանների կողմից շրջափակված Էլ Բաբի քաջատեղյակ աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ ուժեղ բախումները սկսվել են ապրիլի 23-ի երեկոյան ժամը յոթին և մի քանի ժամ տևել:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ թուրք վարձկանները հարձակվել են քաղաքում բնակվող հայկական արմատներով ընտանիքների վրա:
Նշվում է, որ հրազենային վիրավորումներ ստացած մի շարք վարձկաններ տեղափոխվել են հիվանդանոցներ: Տուժած հայերի մասին տեղեկություն չի հաղորդվում:










