Մեքսիկայում ավելի քան 1000 ներգաղթյալ փախուստի է դիմել ժամանակավոր ապաստարանից

11:04 • 26.04.19

Մեքսիկայի հարավում ավելի քան 1000 ներգաղթյալ փախուստի է դիմել ժամանակավոր ապաստարանից, հայտնում է The Guardian-ը՝ հավելելով, որ լատինամերիկյան տարբեր պետություններից ներգաղթյալների մեծ հոսքը գրեթե սպառել է Մեքսիկայի իշխանությունների՝ բոլորին ընդունելու ու լեփ-լեցուն ապաստարաններում տեղավորելու հնարավորությունները:

Հայտնի է, որ ապաստարանից փախել է մոտ 1300 ներգաղթյալ, նրանցից 700-ն ավելի ուշ վերադարձել են, սակայն մնացած 600-ի ճակատագրի մասին տեղեկություն չկա:

Փախուստի դիմողների մեծ մասը եղել են Կուբայի բնակիչներ: Նրանց են միացել նաև Հաիթիի և Կենտրոնական Ամերիկայի որոշ երկրների քաղաքացիներ:

Հայտնի է, որ ապաստարանը գերծանրաբեռնված է ներգաղթյալներով:

Վերջին 30 օրում Մեքսիկայի իշխանությունները 15 000 ներգաղթյալ են արտաքսել երկրից, ինչն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ լատինամերիկացի ներգաղթյալների հոսքը նվազեցնելու վերաբերյալ կոչից հետո:

Ապրիլի 24-ին Թրամփը կրկին սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե այդ երկրի իշխանությունները չարգելափակեն Լատինական Ամերիկայից եկող և դեպի ԱՄՆ սահման ուղևորվող ներգաղթյալների «քարավանների» ընթացքը: