Ափսոսը մենք ենք, որ մեր երեխաները խաղահրապարակ չունեն, զբոսայգի չունեն. Նարեկ համայնքի ղեկավարը` ծառահատման մասին
Արարատի մարզի Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ համայնքի ծառահատումների վերաբերյալ բնակիչների դժգոհությանը և վանդալիզմ իրականացնելու մեղադրանքներին: Նա ասաց, որ ոչ թե ողջ ժողովուրդը, այլ ընդամենը մեկ ընտանիք է դժգոհում դրանից. «Այդ մի հոգին է բողոքում, ժողովուրդը չի բողոքում, ժողովրդի անունը մի շահարկեք»:
Նշենք, որ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Նարեկ գյուղի բնակչուհի՝ 58-ամյա Վարսենիկ Վարդանյանն ասել էր, որ վերջին 2-3 օրերի ընթացքում գյուղապետը ինչ-որ մարդկանց է կանչում և ողջ ծառերը բնից կտրել է տալիս էլեկտրական սղոցներով:
Համայնքի ղեկավարը կոչ արեց գնալ և տեղում տեսնել, թե ժողովուրդը ինչ կարծիքի է ծառահատման և զբոսայգի կառուցելու մասին: Գարուշ Հակոբյանը նշեց, որ նպատակ ունեն խաղահրապարակ կառուցել:
Հարցին՝ ծառերը ափսոս չէ՞ին, հնարավոր չէ՞ր այլ տարածքում կառուցել զբոսայգին, նա պատասխանեց՝ բնությունը դրանից չի տուժի. «Ափսոսը մենք ենք, որ մի քանի տարի հետո չենք լինի, որ մեր երեխաները խաղահրապարակ չունեն, զբոսայգի չունեն»:
Ինչ վերաբերում է բնակիչների՝ բարձր լարման հոսանքալարերի պայմաններում մարզադաշտ կառուցելու մտահոգություններին, Գարուշ Հակոբյանը նշեց, որ դրանք ոչ մի բանի չեն խանգարի. «Եկեք տնտեսություն` նախագիծ, նախահաշիվ նայեք ու կտեսնեք, որ չեն խանգարում»:
Համայնքապետը նաև վստահեցրեց, որ մարզպետը, միանշանակ, տեղյակ է ծրագրից:










