«Բրազիլիան չպետք է գեյ զբոսաշրջության դրախտ դառնա». Բրազիլիայի նախագահ

10:00 • 26.04.19

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը նախկինում իրեն հոմոֆոբ էր հռչակել, իր վերջին հայտարարության պատճառով մեղադրվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ատելություն հրահրելու համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, նախագահը հայտարարել է, որ Բրազիլիան չպետք է գեյ զբոսաշրջության դրախտ դառնա:

«Եթե ցանկանում եք գալ մեզ մոտ ու շփվել կանանց հետ, ապա համեցեք, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկիրը գեյ զբոսաշրջության դրախտ դառնա: Բրազիլիան չի կարող միասեռական աշխարհի, նմանատիպ զբոսաշրջության երկիր լինել: Մենք ընտանիքներ ունենք»,-հայտարարել է նախագահը:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են Բոլսոնարուի հայտարարությանը՝ այն որակելով «աղետալի»:

Նրանք ընդգծել են, որ նախագահը բրազիլուհիների սեռական շահագործման քարոզ է անում և միևնույն ժամանակ նշանառության տակ է դնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին:

Բանակի նախկին կապիտան Բոլսոնարուն երբեք չի թաքցրել իր հակակրանքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Մի առիթով նա նույնիսկ հայտարարել է, որ հոմոֆոբ է և հպարտ է դրանով: