The Guardian-ն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում առաջին անգամ ելույթ ունեցած տրանսգենդերին ու դրանից հետո առաջացած աղմուկին

15:07 • 26.04.19

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում առաջին անգամ ելույթ ունեցած տրանսգենդեր կնոջը՝ Լիլիթ Մարտիրոսյանին՝ նշելով, որ «պատմական» ելույթից հետո նա սկսել է մահվան բազմաթիվ սպառնալիքներ ստանալ:

Աղբյուրը հիշեցնում է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչն իր ելույթում խոսել է խտրականության մասին, պատմել այն խոչընդոտներից ու դժվարություններից, որոնց ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ բախվում են Հայաստանում:

Պարբերականը գրում է, որ շաբաթներ առաջ ԱԺ ամբիոնից հնչած ելույթը մեծ արձագանք է ունեցել Հայաստանում, որտեղ միասեռականությունը թեպետ ապաքրեականացվել է, սակայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունքի օրինակները բազմաթիվ են:

«ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են անցկացվել Ազգային ժողովի դիմաց, որոշ օրենսդիրներ բանավոր հարձակումներ են գործել, այդ թվում՝ կոչ անելով նրան ողջ-ողջ այրել: Մինչդեռ վարչապետն ու հիմնական ընդդիմությունը փորձել են Մարտիրոսյանին ելույթ ունենալու թույլտվություն տալու մեղքն իրար վրա բարդել»,-գրում է The Guardian-ը:

Պարբերականին տված հարցազրույցում Մարտիրոսյանը մանրամասնել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել ոչ միայն ինքը, այլև 2016թ. իր հիմնած և տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» կազմակերպության անդամները:

«Հետհեղափոխական Հայաստանում ատելությունը չպետք է տեղ ունենա»,-ասել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինքն ու իր ընկերներից շատերը նախորդ տարի մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փողոցային ցույցերին և եղել են «թավշյա հեղափոխության» առաջնագծում, քանի որ հավատացած են եղել, որ նոր Հայաստանում իրենց իրավունքները հարգվելու են: