Հս. Կորեան ԱՄՆ-ին 2 մլն դոլարի հաշիվ է ներկայացրել ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիրի բուժման ծախսերի համար

12:16 • 26.04.19

Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգներին 2 մլն դոլարի հաշիվ է ներկայացրել ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիրի հիվանդանոցային խնամքի փոխհատուցման համար, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ քաղաքացին 17 ամիս անազատության մեջ է պահվել Հյուսիսային Կորեայում և 2017թ. կոմայի մեջ հայրենիք վերադարձվելուց մեկ շաբաթ անց մահացել է:

The Washington Post-ի տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները համաձայնել են վճարել հյուսիսկորեացիների պահանջած գումարը: Նշվում է, որ ԱՄՆ-ն համաձայնել է 2 մլն դոլարը վճարել դեռևս նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի օրոք, այնուհանդերձ՝ հայտնի չէ՝ արդյոք գումարը փոխանցվել է:

Պարբերականը հիշեցնում է, որ Ուորմբիրը Փհենյանում մեղավոր էր ճանաչվել «պետության դեմ հանցանք կատարելու» համար ու 15 տարվա ուղղիչ աշխատանքների դատապարտվել:

Չի բացառվում, որ հյուսիսկորեացիներն ամերիկացի ուսանողին ծանր կտտանքների են ենթարկել: Սակայն Փհենյանի վարկածի համաձայն՝ Ուորմբիրը բոտուլիզմով էր հիվանդացել բանտում, քնաբեր էր ընդունել ու կոմայի մեջ ընկել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր պատժել Հյուսիսային Կորեային ամերիկացի ուսանողի մահվան համար: