ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին ժամանակավորապես կփոխարինի Արգիշտի Քյարամյանը 

15:39 • 26.04.19

Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին ժամանակավորապես կփոխարինի Արգիշտի Քյարամյանը: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՊՎԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արգիշտի Քյարամյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը, կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ հենց ինքը կլինի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվել են ժամանակավորապես, պաշտոնից չի հեռացվել: