Մեքսիկայի բնակիչներին զայրացրել է սառը գարեջրի վաճառքն արգելելու որոշումը
Մեքսիկայի օրենսդիրներն առաջարկել են մայրաքաղաք Մեխիկոյի մինի մարկետներում արգելել սառը գարեջրի վաճառքը, РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Guardian-ը:
«Առևտրի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների համաձայն՝ փոքր խանութները չեն կարողանա սառը գարեջուր և մինչև 7 տոկոս ալկոհոլ պարունակող խմիչքներ վաճառել: Այդ արտադրանքը պետք է պահվի շրջակա միջավայրին համապատասխան ջերմաստիճանում:
Խանութները պարտավոր են լինելու նաև ծանուցել այցելուներին հանրային վայրերում ալկոհոլ օգտագործելու համար սահմանվելիք խստագույն տուգանքների մասին:
Ակնկալվում է, որ այդ փոփոխությունը կազատի քաղաքը ցածր գնով և մեծ շշերով ու պլաստմասե բաժակներով ալկոհոլ վաճառող «պանդոկներից», քանի որ, ըստ օրենսդիրների, հանրային վայրերում ալկոհոլի օգտագործումը շատ խնդիրներ է առաջացնում: 2018-ին անցկացված հետազոտության համաձայն՝ Մեքսիկայի բնակիչների 75.8 տոկոսը նշել է, որ «փողոցում խմելը» «հանցագործությունների և հակահասարակական վարքի» հիմնական պատճառն է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մեքսիկաները դժգոհ են այդ որոշումից, քանի որ տաք կլիմա ունեցող երկրում սառը գարեջրից հրաժարվելը հաճելի չէ: Նրանք սոցիալական ցանցերում նույնիսկ ֆլեշմոբ են սկսել՝ «Ձեռք մի տվեք մեր գարեջրին» խորագրով:
Շատերը կարծում են, որ հնարավոր է սահմանափակել վաճառքը այլ մեթոդներով, օրինակ՝ արտադրանքի վրա հարկի ավելացման միջոցով:
Աղբյուրը նշում է, որ ալկոհոլային սառը խմիչքների վաճառքի արգելքը, դժվար թե, էական փոփոխություն մտցնի Մեքսիկայում ալկոհոլի օգտագործման ծավալները նվազեցնելու առումում, քանի որ խանութները միևնույն է շարունակելու են կասկածելի որակով և ծիծաղելի էժան գնով խմիչքների վաճառքը հանրային վայրերում:










