Նիկոլ Փաշինյանն ու ուժային կառույցների ղեկավարներն այցելել են ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն (լուսանկարներ, տեսանյութ)

10:34 • 26.04.19

11:49

Այսօր մենք նշում ենք Սահմանապահի օրը, նկատի ունենալով առաջին հերթին ԱԱԾ-ին, բայց ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով, այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն: Եվ այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները: Իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ՀՀ-ում դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայրն է, և այս առումով Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև մեր զինված ուժերի, մեր ժողովրդի համար: 

Մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի, մեր ապագայի, մեր երեխաների անվտանգությունն է»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ Սահմանապահի օրն ունի չափազանց կարևոր նշանակություն, քանի որ Հայաստանի Հանրապետության սահմաններով է տեղորոշվում մեր տեղն աշխարհում:



11:25

Մեր հայրենիքի սահմանները սրբազան են, և այս սահմանների պաշտպանությունը ՀՀ և նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում սահմանապահ զորքն է: Իր ելույթում հայտարարեց Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը: Չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների: Կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որից սկսում է մեր անվտանգությունն ու ապահովությունը»,- նշեց նա:

Մասնագիտական տոնի օրը ԱԱԾ տնօրենը նաև երախտագիտության խոսք ասաց բոլոր նրանց, ովքեր սերտորեն համագործակցում են սահմանապահների հետ

 

10:26

Այսօր՝ ապրիլի 26-ին նշվում է Հայաստանում Սահմանապահ զորքերի օրը:

Այդ առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն:

Միջոցառմանը ներկա են նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը և այլք: