ԱՄՆ-ից զենք գնելու կոնկրետ առաջարկ չկա. Դավիթ Տոնոյանը՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ՀՀ-ին զենք վաճառելու ակնարկի մասին

13:51 • 26.04.19

Սահմանային իրավիճակը կայուն է, անընդհատ նույն վիճակն է՝ կրակոցներ են այն կողմից լինում, բայց ոչ թիրախավորող։ Այս մասին ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավթ Տոնոյանը:

Նախարարը անդրադարձավ նաև Մոսկվա կատարած այցին ու այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին: Ըստ նրա՝ բացի ՍՈՒ-30ՍՄ-ների ձեռքբերման շուրջ պայմանավորվածություններից, պայմանավորվածություններ են ձեռք բերվել մինչև այս տարվա վերջ ու մյուս տարվա ընթացքում բոլոր մատակարարումների վերաբերյալ։

Անդրադառնալով Հայաստան այցելած՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանին զենք վաճառելու մասին ակնարկին Դավիթ Տոնոյանն ասաց.

«Ես դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել։ Կոնկրետ որևէ առաջարկ չկա: Մենք շուկան ուսումնասիրում ենք որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։ Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող է ձեռքբերումներ լինեն, ինչո՞ւ ոչ և, եթե դա թույլատրելի լինի Միացյալ Նահանգների համար», - շեշտեց Դավիթ Տոնոյանը։

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի շուրջ շրջանառվող տեսակետներին, թե այն պայմանավորվածություն է եղել, Դավիթ Տոնոյանն ասաց, որ նման բան չկա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ տեսակետ ունի ԶՈՒ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որ արցախյան բանակցությունները սկսում է նոր կետից, ինչը նշանակում է՝ մի կողմ է թողնվում նախորդների վարած բանակցությունները:

«Դուք ուզում եք, որ թարս կամ սխալ բան ասեմ: ՀՀ վարչապետը որոշումներ է կայացնում արտաքին քաղաքականության հարցերով, բանակցությունների համար պատասխանատու է, բանակցություններ է վարում, ուզում եք պաշտպանության նախարարը մեկնաբանություննե՞ր անի: Նոր պաշտոն է ստանձնել, ի պաշտոնե սկսում է բանակցային գործընթացը»,-նկատեց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք մտահոգություններ չունի՞, որ Արցախի ՊԲ գեներալները հրաժարական տվեցին, Դավիթ Տոնոյանն ասաց.

«Ամեն ինչ իր ժամանակն ունի՝ պահանջների առումով: Ես խնդիր չեմ տեսնում, բոլորը հավերժ չեն, ծառայություն է, իրենք մեզ հետ մնում են, եթե անհարժեշտություն լինի, մեզ հետ շարք են կանգնելու»,-եզրափակեց նա: