Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
2018-ի ապրիլի իրադարձություններից հետո Հայաստանում որևէ գործ չի «կարվել»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին:
Դիտարկմանը, թե ԱԱԾ-ին մեղադրում են «գործը» կարելու մեջ, Արթուր Վանեցյանն ասաց. «2018-ի ապրիլից հետո որևէ գործ կարելու, սարքելու և այլ դեպքեր չեն եղել, մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն և ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը: Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան, և այնտեղ բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր այն ապացույցներին, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, և հանրությունը, լրագրողները կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե այդ գործով ինչու բոլոր կալանավորվածներն ազատ արձակվեցին կալանքից, տպավորություն է, որ դա պայմանավորված էր նրանց ցուցմունքներով, Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը ենթադրել է, որ նման շահարկումներ լինելու են, դրա համար խնդրել է, որ մամուլի ծառայությունը հանդես գա հայտարարությամբ՝ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի քննիչը և գործը հսկող դատախազը բողոքարկել են որոշումը Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է գործով մեղադրյալ Տարոն Ավետիսյանին, Արթուր Վանեցյանն ասաց, որ գնահատվել է նախաքննության ընթացքում ստացված տվյալները և գտել են, որ պետք է ազատ արձակվի, կա Դատախազությունը, որը վերահսկում է նախաքննության ընթացքը, և եթե ԱԱԾ-ն թույլ տա որևէ խախտում, հավատացած եղեք, որ դատախազությունը կարձագանքի:
«Ես այդ գործին տիրապետում եմ ոչ շատ մանրամասն, այլ ընդհանուր առմամբ: Ես մի բան եմ ուզում բոլորին ասել, ես խնդրում եմ չշահարկել այդ գործը, որը մեծ աղմուկ է բարձրացրել, ես ուզում եմ ասել մեկ բան, ես որպես ԱԱԾ տնօրեն պարտավոր եմ իրականացնել իմ պարտավորությունները, անկախ նրանից, թե ով է մեղադրվող անձը՝ իմ ազգականը, բարեկամը, հարազատը, զինակիցը, եթե խախտել է օրենքը, պետք է պատասխան տա»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե ինչու Դավիթ Սանսարյանի գործով չի զբաղվում ՀՔԾ-ն, Արթուր Վանեցյանն ասաց, որ երբ քրեական գործը հարուցվել է, ի սկզբանե ոչ թե հարուցվել է, ու Դավիթ Սանասարյանին է մեղադրանք առաջադրվել, այլ քրեական գործը հարուցվել է «Զորաշեն» ՍՊԸ-ի իրականացրած անօրինականությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հիման վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանսարյանի լիազորությունները դադարեցվել են ժամանակավորապես, պաշտոնից չի հեռացվել:










