ՀԱՊԿ ակադեմիան հիմնադրամ է, և դրա վաճառքի մասին նույնիսկ անմիտ է խոսելը. Մհեր Շահգելդյան
Հրապարակումը, թե Արթուր Բաղդասարյանը «ՀԱՊԿ ակադեմիան» սեփականացրել է, հիմա էլ վաճառում է, իրականությանը բացարձակ չի համապատասխանում և չի էլ կարող համապատասխանել, քանի որ ակադեմիան հիմնադրամ է և այդ կարգավիճակով է գործում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը:
«Չի էլ կարող լինել նման բան, քանի որ, նախևառաջ, ՀԱՊԿ ակադեմիան հիմնադրամ է, և որևիցե վաճառքի մասին նույնիսկ անմիտ է խոսելը»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ Շահգելդյանի, ակադեմիան շարունակում է գործել՝ վերապատրաստումներ, քննարկումներ, կոնֆերանսներ են անցկացվում: «Ունենքն 30-ից ավելի պայմանագրեր տարբեր համալսարանների հետ, այդ թվում նաև «Եվրազես» անդամ երկրներից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի մասնաշենքին՝ Շահգելդյանն ասաց, որ հիմնադրամի գործունեության շրջանակներում այն վաճառել հնարավոր չէ:
Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ 2013թ.-ին այդ ժամանակ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ կստեղծվի ՀԱՊԿ ակադեմիա, որը զբաղվի ռազմական անվտանգության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրներով, սակայն պարզվում է, որ այդ շենքը Արթուր Բաղդասարյանի սեփականությունն է, որը նա պատրաստվում է վաճառել:










