ԱՄԷ-ն և Չինաստանը 3.4 միլիարդ ընդհանուր արժողությամբ երկու գործարք են կնքել
ԱՄԷ-ն և Չինաստանը 3.4 միլիարդ ընդհանուր արժողությամբ երկու գործարք են կնքել` Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի ընթացքում: Այս մասին հայտնում է Դուբայի Dubai Media Office-ի մամուլի ծառայությունը:
ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումը հայտարարել է, որ երկու գործարքներն ուղղված են Դուբայում չինական «Նոր մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացմանը:
Առաջին նախագիծը` «Առևտրականների քաղաք» անվանմամբ, կտեղակայվի Ջեբել Ալի նավահանգստի մոտակայքում և կզբաղեցնի շուրջ 5.6 քառակուսի կիլոմետր տարածք: Այն միաժամանակ կդառնա խոշոր կազմակերպչական համալիր `չինական ապրանքների հետագա արտահանման և մանրածախ առևտրի համար: Ծրագրի բոլոր ներդրումները` 2,4 միլիարդ դոլարի չափով, կհատուցի չինական կողմը:
Երկրորդ գործարքը, որի արժեքը կազմում է 1 մլրդ դոլար, համատեղ նախագիծ է Դուբայում կենտրոն ստեղծելու` գյուղատնտեսական, անասնաբուծական և ձկնաբուծական արտադրանքը չինական «Նոր մետաքսի ճանապարհով» ներմուծելու, մշակելու և հետագա վերաարտահանելու նպատակով:










