Կալիֆոռնիայում անցորդներին վրաերթի ենթարկած վարորդը նման քայլի է դիմել կրոնական նկատառումներով

03:27 • 27.04.19

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանիվեյլ քաղաքի հասարակական անվտանգության վարչությունը տեղեկացրել է, որ երեքշաբթի օրը հետիոտներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը նման քայլի է դիմել մտածված: Նա կարծել է, թե անցորդները մուսուլման են:

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, վարորդը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար: Նա ձերբակալված է: Վերջինիս գործողություններից տուժել է 8 մարդ, այդ թվում` 13-ամյա դեռահաս: Մեղադրյալի անունը Իսայա Ջոել Փիփլս է: Նա ծնվել է 1984 թվականին և ապրում է Սանիվեյլում:

«Նա ընտրել էր զոհերին ազգային պատկանելությամբ և համոզված էր, որ նրանք իսլամ են դավանում»,- գրված է հայտարարությունում:

Հավելենք, որ տուժողները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: Տուժողները պատմել են, որ վարորդը չի փորձել շրջանցել իրենց կամ կանգնեցնել ավտոմեքենան, այլ մտածված կազմակերպել է վրաերթ: