Մեծ փոփոխություններ են նախատեսվում. Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ԺՊ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սարգսյանը:
«Նախկին տնօրեն Արթուր Ասատրյանն առողջական խնդիրներով գտնվում է ԱՄՆ-ում, և մեկ կամ երկու ամսից իր ժամկետը լրանում էր, և քանի որ այնտեղ երկար է մնալու, որոշում է կայացվել նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, որից հետո կառավարության որոշումով մրցույթ կհայտարարվի վեց ամսվա մեջ»,-ասաց նա:
Հարցին, թե մասնակցելու է ինքը մրցույթին, նա ասաց, որ դեռ չի որոշել, քանի որ առաջ չի սիրում ընկնել: «Այսօրվանից արդեն սկսել ենք անձնակազմի հետ աշխատել: Արթուր Գրիգորյանը և ես նորմալ աշխատում ենք, և ոչ մի խնդիր չկա, նույնիսկ արդեն նախագծեր, հետագա պլաններ ենք մտածել»,-ասաց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, որ մեծ փոփոխություններ է նախատեսում: «Պետական բյուջեն շատ չնչին է, և պետք է հայթայթել գումարներ, քանի որ թատրոնները պետք են մեր երկրին: Ես ընդհանրապես հեղափոխական բնավորություն ունեմ, բնականաբար փոփոխությունները լինելու են ի օգուտ հայ արվեստի, մշակույթի, հանդիսատեսի և անձնակազմի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է թատրոնների վերամիավորման անհրաժեշտություն տեսնելուն, նա ասաց, որ ընդհանրապես դեմ է թատրոնները փակելուն: «Ես կարծում եմ, որ թատրոնը պետք է ճիշտ կառավարել, ոչ թե փակել»,-ասաց նա:










