Չինաստանի ղեկավարն ակնարկել է, որ «Գահերի խաղ»-ի սիրահար է
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Պեկինում օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է, որ միլիոնավոր մարդկանց պես դիտում է ամերիկյան արտադրության «Գահերի խաղ» հեռուստասերիալը:
Ինչպես նշում է South China Morning Post-ը, չինացի ղեկավարը զարմացրել է և՛ իր օգնականներին, և՛ հյուրերին, երբ ելույթի ժամանակ ասել է հետևյալը.«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհը, որում մենք ապրում ենք, չհայտնվի Վեստերոսի յոթ արքայությունների քաոսային պատերազմում»:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սի Ցզինպինը միակ չինացի ղեկավար պաշտոնյան չէ, ով դիտում է «Գահերի խաղ»-ը: Վերջերս երկրի վարչապետ Լի Կեցյանը Խորվաթիայում ելույթի ժամանակ մի մեջբերում էր արել սերիալից, երբ համեմատել էր Խորվաթիայի և Չինաստանի հարաբերությունները:
Մեկ այլ քաջատեղյակ չինացի պաշտոնյա հավելել է, որ երկրի ղեկավարն ու վարչապետն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով դիտում են սերիալի խմբագրված տարբերակը, որում իրադարձություններն ավելի արագ են զարգանում:
«Մենք այն կոչում ենք ադամանդյա տարբերակ»,-ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Սի Ցզինպինը, խոսելով իր հոբբիների մասին, նշել էր, որ տարված է փիլիսոփայությամբ, պատմությամբ, գրականությամբ, մշակույթով, երաժշտությամբ և սպորտով: Նա նաև պատմել էր, որ սիրած ֆիլմերից են «Կնքահայր»-ը, «Փրկել շարքային Ռայենին»-ը:










