«Վերադարձ» ֆիլմի առանցքում փոքր մարդն է մեծ ողբերգության մեջ. ներկայացվեց ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայայի Արցախի մասին պատմող 4-րդ ֆիլմը

22:44 • 30.04.19

Երևանում այսօր կայացել է ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայայի «Վերադարձ» ֆիլմի երևանյան պրեմիերան: Նախքան այդ նա զրուցեց լրագրողների հետ՝ հայտնելով, որ Արցախում արդեն իսկ ֆիլմը էկրան է բարձրացել:

27 տարի անց նա դարձյալ Արցախում է եղել՝ ներկայացնելու «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմը:

1992-1994 թթ. Արցախյան պատերազմի տարիներին Կուլչիցկայան Արցախում նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրեք» («Живите», 1992թ.), «Գնդակոծությունից հետո» («После обстрела», 1992թ.), «Խաղաղության գինը» («Цена покоя», 1994թ.)»: Հենց այս ֆիլմերի հերոսների ճակատագրին է նվիրված «Վերադարձ» նոր վավերագրական ֆիլմը:

«Արցախում եղավ ֆիլմի երկու ցուցադրություն, մեկը Շուշիում էր: Այն ինձ համար յուրահատուկ վայր է, որովհետև 1992 թ. մայիսին, երբ ազատագրվեց Շուշին, ես այնտեղ եմ եղել: Շուշիում ֆիլմի ցուցադրությունն անցավ հիանալի, դահլիճը լեփ-լեցուն էր, վերջում բոլորը հոտնկայս ծափահարում էին, լաց էին լինում, դա հիասքանչ էր:

Մյուս ցուցադրությունը եղավ հաջորդ օրը երաժշտական քոլեջի դահլիճում: Այդ դահլիճը մեզ համար շատ հարազատ էր, որովհետև մենք հենց այնտեղ ենք նկարահանել ֆիլմի այն հատվածը, երբ նախորդ ֆիլմի հերոսները նայում են իրենց մասնակցությամբ տարիներ առաջ նկարահանված ֆիլմը: Երկրորդ ցուցադրությանը ներկա էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Պատկերացնու՞մ եք՝ ցուցադրության ավարտից հետո ինձ մարդիկ էին մոտենում ու ասում, որ իրենց բարեկամին ու հարազատին տեսան ֆիլմում: Մի խոսքով՝ Արցախում ֆիլմի պրեմիերան անցավ հրաշալի»,-ասաց ֆիլմի սցենարիստ Սվետլանա Կուլչիցկայան:

«Վերադարձ» ֆիլմը պատմում է 90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերի մասին: Ներկայացվում են այն հնարավորությունները, որ ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիային ու ռազմական գործողություններին:

Ֆիլմի համակարգող Արմինե Ադիբեկյանը նշում է՝ ֆիլմում խուսափել են խոսել կոնֆլիկտի կողմերի մասին. «Ֆիլմի առանցքում փոքր մարդն է մեծ ողբերգության մեջ, այսինքն՝ այնտեղ խոսվում է հրետանակոծության, վիրավորների մասին: Դուք ֆիլմում ոչ մի անգամ չեք լսի Ադրբեջան ու ադրբեջանցի բառերը, որովհետև էական նշանակություն չունի՝ ով էր ողբերգության պատճառը:

Էական է մարդը, ով պայքարել է, դժվարություններ է հաղթահարել, որ այսօր կարողանա սերունդներ մեծացնել ու արարել իր հողում: Մենք ֆիլմով ուզում ենք ասել, որ խաղաղությունից թանկ ոչինչ չկա, խաղաղությունը մարդուն կարող է օգնել արարել: Ահա սրա մասին է ֆիլմը»:

Ֆիլմի ռեժիսորը Պավել Մեդվեդևն է, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ ֆիլմը պետք է ցուցադրվի աշխարհի շատ երկրներում, որովհետև այն մարդասիրական առաքելություն ունի, պատմում է խաղաղության կարևորության մասին:

 

«Վերադարձ» ֆիլմի առանցքում փոքր մարդն է մեծ ողբերգության մեջ. ներկայացվեց ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայայի Արցախի մասին պատմող 4-րդ ֆիլմը