Մահացել է «Կրկնակի ֆորսաժ» ֆիլմի ռեժիսորը
ԱՄՆ-ում 51 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Սինգլթոնը, Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMZ-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի անդամներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 12 օր առաջ Սինգլթոնը ինսուլտ էր տարել և անգիտակից պառկած էր Լոս Անջելեսի հիվանդանոցում:
Հարազատների խոսքով՝ Սինգլթոնը մահացել է «հանգիստ՝ շրջապատված ընտանիքի անդամներով և ընկերներով»:
Ջոն Սինգթլոնը կինոսերներին առավել հայտնի է «Կրկնակի ֆորսաժ» ֆիլմով: Նրա աշխատանքներից են նաև «Երեխաները փողոցում», «Արյուն՝ արյան համար» ֆիլմերը, «Ամերիկյան քրեական պատմություն», «Իմպերիա» սերիալները և այլն: Նա կինոյի պատմության մեջ եղել է «Օսկար»-ի ամենաերիտասարդ հավակնորդը՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Սինգլթոնը նաև առաջադրվել է «Օսկար»-ի՝ լավագույն ինքնատիպ սցենարի համար:










