Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մի խումբ երաժիշտներ ահազանգում են՝ նվագախմբում լարված մթնոլորտ է. տնօրինությունը հերքում է

21:25 • 03.05.19

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մի խումբ երաժիշտներ դիմել են Tert.am-ի խմբագրություն՝ ահազանգելով, որ նվագախմբում լարված մթնոլորտ է տիրում: Նրանք նշում են՝ կոլեկտիվում ստեղծվել են «յուրայինների և օտարների» խմբավորումներ. «ղեկավարությունը երաժիշտներին ընտրողաբար է մոտենում»:

«Նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանն անարդարացի է վարվում երաժիշտների հետ: Առաջնորդվում է ոչ թե մասնագիտական որակներով, այլ տեղ է տալիս այնպիսի մարդկանց, որոնք հնազանդվում են իրեն»,- նշում են երաժիշտները, որոնք չեն ցանկանում ներկայանալ:

Նրանք Tert.am-ի հետ զրույցում պատմեցին, որ իրենցից շատերը զրկված են շրջագայությունների մասնակցության հնարավորությունից: Ասում են՝ շրջագայության մեկնողների ցուցակներում երբեմն հայտնվում են այնպիսի անուններ, որոնք ոչ մի կապ չունեն նվագախմբի հետ.

«Բացի դա, գլխավոր դիրիժորը՝ Թոփչյանը, ջանք չի խնայում՝ ձախողելու այն հյուրախաղերը, որոնց նվագախումբը պետք է մասնակցի այլ դիրիժորի ղեկավարությամբ: Այսինքն՝ ստիպում է կատարել ընտրություն. կամ գնալ և կորցնել աշխատանքը, կամ հրաժարվել շրջագայությունից։ Տարիներ առաջ նման խնդրի են բախվել մի քանի երաժիշտ, որոնց ազատել են աշխատանքից»:

Երաժիշտներն ահազանգում են մեկ այլ խնդրի մասին ևս: Ասում են՝ աշխատում են անկանոն ռեժիմով, այդ թվում՝ հանգստյան և տոն օրերին, որի դիմաց չեն ստանում օրենքով սահմանված վարձատրություն. «Նվագախմբում աշխատում է 9 հրավիրյալ երաժիշտ, որոնք տարվա մեջ հայտնվում են մի քանի անգամ և ստանում են երաժիշտներից 3 անգամ բարձր աշխատավարձ: Ֆիլհարմոնիկը ֆինանսավորում է նաև նրանց ապրելավարձը այն դեպքում, երբ Թոփչյանը շատ հայաստանցի պրոֆեսիոնալ երաժիշտների ազատել է աշխատանքից՝ սեփական ամբիցիաներից ելնելով։ Թոփչյանն անգամ նվագախմբի մոտ է նշում, որ չի սիրում «յան» վերջավորությունը, հեգնում է, չի սիրում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Անհարգալից և ոչ պրոֆեսիոնալ է մոտենում իր աշխատանքին ու նվագախմբին»:

Հարցին՝ արդյոք ղեկավարության մոտ բարձրաձայնվել են այս հարցերը, պատասխանում են՝ օգուտ չկա, բացի դա, շատերը վախենում են աշխատանքը կորցնել:

Նշված պնդումների պարզաբանման նպատակով՝ Tert.am-ը կապ հաստատեց նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի հետ: Վերջինս նախ զարմացավ, ապա ասաց՝ նշվածներից և ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը. «Ես կարծում եմ՝ սա ազգային ֆիլհարմոնիկի երաժիշտները չեն, սա մեկ այլ ուժ է, որի հստակ նպատակն է սեպ խրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հաշտ և համերաշխ կոլեկտիվի աշխատանքի մեջ»:

Ռուզաննա Սիրունյանը պնդում է՝ նվագախմբում միշտ տիրում է առողջ մթնոլորտ, իսկ կոլեկտիվում անջրպետ չկա նվագախմբի և գեղարվեստական ղեկավարի միջև։ «Էդուարդ Թոփչյանը, երևի, այն բացառիկ գեղարվեստական ղեկավարներից է, որը փորձերի ընդմիջումներին միշտ իր երաժիշտների հետ է թեյում, շատ հարցերի շուրջ խոսում են հենց այդ ժամանակ և որևէ վախի և լարվածության իրավիճակի մասին խոսք անգամ չի կարող լինել: Հանգիստ կարող եք մտնել դահլիճ և ներկա լինել փորձին և տեսնել, թե մարդիկ ինչպես են աշխատում և վերաբերվում միմյանց: Իսկ անանուն նամակը ամբողջությամբ զրպարտանք է, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «բարի կամեցող»-ների գործ»:

Ինչ վերաբերում է երաժիշտների՝ շրջագայություններից զրկված լինելու մասին պնդմանը, Սիրունյանն ասաց՝ նվագախումբը բաղկացած է 108 երաժշտից, սակայն նվագախումբը մեկնում է շրջագայությունների 92 երաժիշտների հետ միասին: Քանի որ հրավիրող կողմը չի կարողանում ապահովել բոլոր 108-ի մասնակցությունը, ընտրում են նվագախմբի բարձրակարգ երաժիշտներին՝ ըստ վահանակների:

Տնօրենի խոսքին երաժիշտները հակադարձում են. ասում են՝ այդ դեպքում անգամ չի գործում ռոտացիոն սկզբունքը. շրջագայություններին, վճարովի համերգներին ու ձայնագրություններին մշտապես նույն մարդիկ են մասնակցում։

Անդրադառնալով երաժիշտների աշխատանքային գրաֆիկին, Ռուզաննա Սիրունյանը հաստատում է՝ երբեմն անհրաժեշտություն է լինում աշխատել կիրակի և տոն օրերին, քանի որ հերթական համերգներից բացի, անհրաժեշտ է մասնակցել նաև բարեգործական և կառավարական համերգների, որոնք պահանջում են հավելյալ փորձեր: Սակայն այս պարագայում ղեկավարությունը կոմպենսացնում է երաժիշտների ավել աշխատած օրերն ու ժամերը։

«Նվագախմբի հետ աշխատանքային անկանոն ռեժիմի հարցը միշտ լուծվել է փոխադարձ համաձայնությամբ: Նույնիսկ քննարկման կարիք չի եղել, որովհետև բոլոր երաժիշտները պրոֆեսիոնալ են և ձգտում են հանդես գալ որակյալ համերգներով, երբեք տարաձայնություններ չեն եղել և ցանկացած աշխատած օրվա համար տրվել է համապատասխան հանգստյան օր»,– վստահեցրեց նա:

Tert.am-ը փորձեց զրուցել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ, վերջինս, սակայն, չցանկացավ հարցազրույց տալ:

Նվագախմբի տեսուչ Աշոտ Գալստյանը ևս հաստատեց Նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի պնդումը. ասվածը իրականությանը չի համապատասխանում, ասում է՝ ինքը կարող է արտահայտել ամբողջ նվագախմբի տեսակետը. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում առողջ մթնոլորտ է»:

Ընդհանրացնելով իրենց բողոքը՝ Tert.am-ին դիմած երաժիշտները նշում են՝ պահանջում են կանոնավոր աշխատանքային ռեժիմ, ֆինանսական գործունեության թափանցիկություն, նոր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մի խումբ երաժիշտներ ահազանգում են՝ նվագախմբում լարված մթնոլորտ է. տնօրինությունը հերքում է