Նելսոն Մանդելայի նկարած նկարը, որը պատկերում է իր բանտախցի դուռը, Նյու Յորքում վաճառվել է 112 000 դոլարով

10:12 • 03.05.19

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի նկարած նկարը, որը պատկերում է Ռոբեն կղզում իր բանտախցի դուռը, Նյու Յորքում Bonhams աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառվել է 112 000 դոլարով, տեղեկանում ենք աճուրդի տան կայքից:

«Երբ իմ հայրը թոշակի անցավ, նա չէր իմանում՝ ինչով զբաղվել: Կարծում եմ՝ նրա համար արվեստը հիանալի միջոց էր ինքնարտահայտվելու կամ փորձ էր իր պատմությանը համակերպվելու…»,- ասել է Մանդելայի դուստրը, որն էլ նկարը հանել էր աճուրդի:

Մանդելան ընդհանուր առմամբ իրենից հետո թողել է մոտ 22 նկարազարդում:

Նշվում է, որ թիվ 5 բանտախուց են այցելել աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ՝ ներառյալ ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման ու Բիլ Քլինթոնը:

Հիշեցնենք, որ Նելսոն Մանդելան Ռոբեն կղզու բանտում է անցկացրել 18 տարի (1964-1982):

1994 թվականին Հարավային Աֆրիկայում անցկացվել են աֆրիկյան մեծամասնությամբ առաջին համազգային ընտրությունները, որոնց արդյունքում Մանդելան դարձել է ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահը: Նա նախագահել է մինչև 1999 թվականը:

  

Նելսոն Մանդելայի նկարած նկարը, որը պատկերում է իր բանտախցի դուռը, Նյու Յորքում վաճառվել է 112 000 դոլարով