ԵԹԿՊԻ շրջանավարտին ստիպել են դադարեցնել ռեկտորի թեկնածուների վերաբերյալ ֆեյսբուքյան հարցումը. ռեկտորի թեկնածուն մանրամասնում է (տեսանյութ)
Մայիսի 22-ին ԵԹԿՊԻ-ում տեղի կունենան ռեկտորի ընտրություններ: Բուհի ղեկավարի ընտրության մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է: Օրերս ինստիտուտի շրջանավարտներից մեկը ֆեյսբուքյան հարցում էր նախաձեռնել, որտեղ առաջարկում էր քվեարկել ռեկտորի մրցույթին դիմած ԵԹԿՊԻ Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան Արմեն Հարությունյանի կամ ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանի օգտին՝ այդպիսով պարզելով ուսանողների կարծիքը:
Հարցումից ժամեր անց ինստիտուտի ռեկտորի թեկնածու Արմեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնեց, որ հարցումը նախաձեռնած շրջանավարտին զանգել են, սպառնացել քրեական գործ հարուցել, եթե չդադարեցնի հարցումը: Վերջինս կատարել էր պահանջը:
Tert.am-ի հետ զրույցում Արմեն Հարությունյանն ասաց՝ շրջանավարտը դեպքից հետո նշել էր՝ զանգն ու այդ պահանջը անսպասելի էին, ու դա էր ստիպել ջնջել հարցումը. «Ինձ այս պահին հետաքրքիր չէ, թե ովքեր են զանգահարել և պահանջել ջնջել գրառումը: Ես այդ պահին մտահոգված էի միայն մեր շրջանավարտի անվտանգությամբ»:
Հարությունյանի խոսքով՝ օրեր անց մեկ այլ շրջանավարտ ևս նախաձեռնել է նմանատիպ հարցում, որին 12 ժամվա ընթացքում մասնակցել է 2000 հոգի. «Երկրորդ պարագայում ակնհայտ ֆավորիտը ես չէի: 12 ժամ տևող հարցման տոկոսային բաշխումը եղավ 52-48 հարաբերակցությամբ: Շատերին թվացել էր՝ սա ռեկտորի ընտրություն էր, մինչդեռ սա պարզ համացանցային հարթակում կարծիքների ուսումնասիրություն էր:
Եվ ես ուրախությամբ պետք է ասեմ, որ ինձ մեր շրջանավարտներն էին ձայն տվել: Սրանից ես պարզեցի, որ ուսանողներն ինձ լավ են վերաբերվում, նրանք մեր բուհի կողքին են, սրանից պարզեցի, որ մենք իզուր չենք աշխատում, մենք սիրում ենք մեր շրջանավարտներին, նրանք էլ մեզ են սիրում»:
Հարցին՝ արդյոք սա իր դեմ իրականացված միտումնավոր քայլ էր, Հարությունյանը պատասխանեց. «Իմ դեմ էր, թե ոչ, չեմ կարող ասել, բայց երևույթը տգեղ էր, ու կարծում եմ, որ սա մի բան է, որը մեր ժամանակներում չի աշխատելու»:
Տեղի ունեցած դեպքի հետ կապված Արմեն Հարությունյանն ունի որոշակի մտահոգություն ու մտավախություն. «Քանի որ այս ընթացքում նմանատիպ ճնշումներ գործադրելու փորձ տեղի ունեցավ, ես շատ մեծ հույս ունեմ, որ նման փորձեր չեն լինի ընտրող խորհրդի անդամների նկատմամբ: Ամեն դեպքում կա որոշակի մտավախություն: Այս ամենից հետո ես չեմ կարող վստահ լինել, որ ամեն ինչ հարթ կընթանա»:










