Թբիլիսի այցը նաև լրատվական ծառայությունների միջև գործակցության հիմքեր դնելու նպատակով էր. վարչապետի մամուլի քարտուղար
Կա փոխադարձ հարգանք և տրամադրվածություն նոր հորիզոններ բացելու երկկողմ հարաբերություններում, ինչին էլ շատ լրջորեն ենք վերաբերվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ով մայիսի 3-4-ը գտնվում էր Թբիլիսիում իր պաշտոնակցի հրավերով:
Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ Վրաստանում, բացի իր գործընկերոջ հետ հանդիպումից, նա հանդիպում է ունեցել նաև Վրաստանի ԱԳՆ Հարևան երկրների և տարածաշրջանների վարչության պետ Մալխազ Միքելաձեի և ԱԳՆ մամուլի խոսնակի հետ: Նա նաև հանդիպել է Վրաստանի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և վերլուծաբանների հետ, կլոր սեղանի շուրջ ներկայացրել Հայաստանի բարեփոխումների ընթացքը հեղափոխությունից հետո, կառավարության առաջնահերթությունները:
«Կա շատ սերտ համագործակցություն երկու պետությունների միջև, կա նաև արտացոլող և դրան նպաստող երկկողմ շատ ակտիվ շփում վարչապետների միջև, և որպեսզի այդ ամենը պահվի պատշաճ մակարդակում, կար նախաձեռնություն նաև լրատվական ծառայությունների միջև գործակցության հիմքեր դնելու, և գտնվելով Թբիլիսում՝ օգտվելով առիթից, բացի այդ, նաև մի շարք այլ հանդիպումներ ևս ունեցա»,-ասաց նա:
Վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ վստահաբար կլինի փոխայցելություն, և տեղեկացրեց, որ երբ ինքը Թբիլիսում էր, այդ ընթացքում ՀՀ-ի հետ հարաբերությունները համակարգող փոխնախարարը գտնվում էր Երևանում ԱԳՆ-ի միջև երկկողմ խոհրդակցությունների շրջանակներում:
«Այսինքն՝ մեր շփումն ինստիտուցիոնալ է, բավականին ակտիվ է և համապատասխանում է երկու մայրաքաղաքներում առկա տրամադրություններին»,-ասաց նա:










