Ամստերդամը ծրագրում է մինչև 2030թ. անցում կատարել բացառապես էլեկտրամեքենաներից բաղկացած տրանսպորտի
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի քաղաքապետարանը ծրագիր է հրապարակել, ըստ որի՝ մինչև 2030թ.-ը քաղաքում կարգելվի ավտոմոբիլային տրասնպորտի ցանկացած տեսակ, բացի էլեկտրամեքենաներից, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Dutchnews հարթակին հղումով: Քաղաքի իշխանությունները կարծում են, որ նման քայլը 3 ամսով կերկարացնի մայրաքաղաքի բնակիչների կյանքի տևողությունը:
Նախատեսվում է, որ 2020թ.-ից Նիդեռլանդների մայրաքաղաքում կարգելվեն մինչև 2005թ.-ի արտադրության դիզելային ավտոմեքենաները, այնուհետև արգելքն աստիճանաբար կտարածվի այլ մեքենաների վրա:
«Ամստերդամցիներն օդի աղտոտվածության պատճառով մեկ տարով քիչ են ապրում, և իրավիճակը փոխելու ամենաարդյունավետ միջոցը քաղաքում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ներմուծումն է: Ես իմ նպատակն եմ համարում Ամստերդամը մաքուր տրանսպորտի համաշխարհային մայրաքաղաք դարձնելը»,- ասել է Ամստերդամի քաղաքապետի տեղակալ Շարոն Դեյկսման:
Հաղորդվում է, որ ներկայումս Ամստերդամի 9 փողոցներում օդի աղտոտվածությունը գերազանցում է Եվրամիության սահմանած նորմերը:
Ծրագիրը, որը դեռևս պետք է արժանանա քաղաքային խորհրդի հավանությանը, արդեն հակասական արձագանքներ է առաջացրել: Տեղի վարորդների միություններից մեկը նման ծրագիրն անմիտ և անիրագործելի է համարել: Էյնդհովենի տեխնիկական համալսարանի դասախոս Մարտեն Ստեյնբաչն իր հերթին հայտարարել է, որ ծրագիրը պետք է դիտարկել որպես «ապագայի նպատակ», և որ դրան դեռ 11 տարի ժամանակ կա:










