Արսեն Ջուլֆալակյանն իր հոր հետ մամուլի հրապարակումներից հետո շտապ ներկայացել է ոստիկանություն. Լիլիթ Մակունց

16:20 • 06.05.19

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի հետ մամուլի հրապարակումներից հետո շտապ ներկայացել է ոստիկանություն՝ պարզաբանում ստանալու նպատակով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խոսել եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ, որովհետև մամուլում տեղ էին գտել տարատեսակ նյութեր այն մասին, որ Արսեն Ջուլֆալակյանը և իր հայրը ծեծել են մի քաղաքացու: Արսեն Ջուլֆալակյանն ինչպեսև հրապարակային ասել է՝ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և որպես արձագանք նա իր հոր հետ շտապ ներկայացել է ոստիկանություն, որպեսզի պարզաբանում ստանա, թե ինչի մասին է խոսքը, և իրենք էլ իրենց հերթին ներկայացրել են պարզաբանում, թե իրենց գործընկերոջ հետ ինչ խոսակցություն է տեղի ունեցել»,- նշեց նա:

Լիլիթ Մակունցը հաստատում է, որ Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր մասնակցությամբ որևէ ծեծկռտուք, բռնի գործողություններ չեն եղել:

Հարցին, թե ինչ պայմաններում է Արսեն Ջուլֆալակյանի բիզնես գործընկերը վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Որքան գիտեմ, որևէ վնասվածք քաղաքացին չի ստացել և հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետևանքով: Քանի որ սա քաղաքական տիրույթում գտնվող հարց չէ և վերաբերում է միջանձնային հարաբերություններին, խնդրեմ, որ լրացուցիչ պարզաբանումներ ստանաք հենց Արսեն Ջուլֆալակյանից»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 5-ին, լուրեր տարածվեցին, որ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ 

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել էր, որ ինքն ու իր հայրն առնչություն են ունեցել Երևանի ստորգետնյա ավտոկայաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ Սերգեյ Մխիթարյանն իրենց սրճարանի սեփականատերն է: