Կարծում եմ՝ հարցը պետք է լուծվի հանրային քննարկման միջոցով. Արաբկիրի համայնքապետը՝ Սունդուկյան փողոցի կայանատեղիների պակասի մասին (տեսանյութ)
Խնդիրը ՃՈ-ի դաշտում է։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պետք է լսեն շահագրգիռ կողմերի առաջարկները և որոշում կայացնեն՝ ինչպես լուծել հարցը։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն՝ անդրադառնալով Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի կայանատեղերի պակասի խնդրին։
Հիշեցնեք, որ որոշ ժամանակ առաջ ՃՈ-ն հատուկ մեքենայի օգնությամբ Սունդուկյան փողոցից հեռացրել էր մայթին կայանած ավտոմեքենաները։ Սունդուկյան փողոցի բնակչուհիներից մեկն ահազանգել էր, որ փողոցի բնակիչները մեքենան կայանելու տեղ չունենալու պատճառով են կայանում մայթին։ Բնակչուհին առաջարկել էր փողոցը դարձնել միակողմանի՝ այդպիսով բնակիչները կկարողանան մեքենան կայանել փողոցի մյուս հատվածում։
«Խնդրին ես տեղում ծանոթացա, խոսեցի թե՛ բնակչուհու, թե՛ ՃՈ ներկայացուցչի հետ։ Ես կարծում եմ, որ հարցը պետք է լուծվի հանրային քննարկման միջոցով։ Պետք է հասկանալ՝ ավելի շատ կայանելո՞ւ, թե՞ երկկողմանի երթևեկության խնդիր կա։ Այդ կարծիքները լսելուց հետո ՃՈ-ն պետք է որոշում կայացնի»,-ասաց Դանիելյանը:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ իրենք կարող են հանրային լսումներ կազմակերպել. «Այս պահին ես ավելի շատ սպասում եմ, որ ՃՈ-ն տա իր դիտարկումները»։










