ՌԴ ՔԿ-ն հայտնել է Sukhoi Superjet 100-ի կործանման հիմնական վարկածները

12:45 • 06.05.19

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն ուսումնասիրում է «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 օդանավի կործանման հիմնական վարկածները, այդ թվում՝ օդաչուների որակավորման պակասը, տեխնիկական անսարքությունն ու անբարենպաստ եղանակային պայմանները:

Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Քննությունն ուսումնասիրում է կատարվածի տարբեր վարկածներ, այդ թվում՝ օդաչուների, դիսպետչերների և օդանավի տեխնիկական զննումն անցկացրած անձանց որակավորման պակասը, ինչպես նաև ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն ու ոչ բարենպաստ եղանակային պայմանները»,-ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են: