Երևանում հարմարեցված բանալիով բնակարանային գողություն և տերմինալից գողության փորձ կատարողները կալանավորվել են

23:24 • 06.05.19

Մայիսի 5-ին Արաբկիրի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են բնակարանային գողություն և տերմինալից գողության փորձ կատարողները:

Ապրիլի 8-ին ոստիկանություն էր զանգահարել 78-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով, իր բնակարանից գողացել են «Այֆոն 4», «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսներ և 500 դոլար:

Մայիսի 2-ին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել են բացել Բաղրամյան պողոտայում տեղադրված վճարային տերմինալի կողային հատվածը, սակայն միացել է ձայնային ազդանշանը, և տեսնելով իրեն՝ անծանոթ անձինք դիմել են փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցրած:

Մայիսի 5-ին պարզվել է, որ նշված գողությունն ու գողության փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 26-ամյա Աղվան Գ.-ն և 30-ամյա Արամ Բ.-ն: Երկուսն էլ կալանավորվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ առաջին դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: