«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության նշույլ անգամ չկա. Բաթոյան (տեսանյութ)

12:02 • 06.05.19

« «Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության նշույլ անգամ չկա: Իմ հայտարարությամբ ես պաշտպանել եմ ոչ թե գիրքը, այլ Հայաստանում հասարակական կազմակերպության գործունեության իրավունքը»: Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Գրքի հրապարակումը միայն նպատակ ուներ ցույց տալու, որ այն տեղեկատվությունը, որը շահարկվում է և տարածվում է, չի համապատասխանում իրականությանը: Իրենց նշած այլասերվածության որևէ կետ կամ նշույլ անգամ այդ գրքում չկա: Մարդիկ կուզեն կընթերցեն, կուզեն՝ ոչ, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում իր երեխային ինչպես պաշտպանել, ինչպես դաստիարակել, և դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման համար չէ»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում խստորեն դատապարտել էր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ էր արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:

Ասուլիսում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ այս հայտարարությամբ պաշտպանել է ոչ թե հենց գիրքը, այլ ՀՀ-ում հասարակական կազմակերպության գործունեության իրավունքը, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։

«Կարևորել եմ մարդու իրավունքների ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների համար անհրաժեշտ ապահով միջավայրի ստեղծումը, որպեսզի իրենք կարողանան բարենպաստ պայմաններում աշխատել: Սա կարևոր է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք շատ հաճախ իրացնում են նաև պետության գործառույթը: Այսօր պետությունը սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները որևէ կերպ չի ֆինանսավորում, չկա նման ծրագի»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել: