Քաղաքապետին քննադատելուս ֆոնին նման անհեթեթություններով դիմում են իրավապահներին. Դավթաշենի նախկին համայնքապետը՝  հայտնաբերված չարաշահումների մասին

15:34 • 07.05.19

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ոստիկանության տարածած հաղորդագրությանը:

«Հարգելի հայրենակիցներ,այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։Ես ինքս մամուլից տեղեկացա,մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը,քանի որ ինքս անտեղյակ եմ,ուղղակի կասեմ մի բան,որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելս,իսկ քանի որ,ինչպես ասել եմ,սրանք քաղաք ղեկավարել չգիտեն,այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին ։Ավելի մանրամասն ՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո կանդրադառնամ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսլան Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ  Դավթաշենում 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։

Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։