Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երկու հայերն այսօր վերադառնալու են Քեսաբ․ Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյան

14:02 • 07.05.19

Երեկ Քեսաբում հրթիռակոծության հետևանքով վիրավորված երկու հայերը շտապ օգնությունը տեղում են ստացել հայ կամավորականների ջանքերով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյանը:

«Նրանք տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց և վիրահատվել: Այսօր նրանց վիճակն արդեն կայուն է և պիտի վերադառնան Քեսաբ»,- ասաց նա:

Հարցին՝ հրթիռակոծության հետևանքով արդյոք բնակչությունը չի՞ լքել Քեսաբը, նա պատասխանեց, որ նման հրթիռակոծությունները մերթ ընդ մերթ տեղի են ունենում ահաբեկիչների կողմից, երբ սիրիական բանակը առաջընթաց է արձանագրում:

«Նպատակն էլ մարդկանց խուճապի մատնելը և խաղաղ բնակչությանը վնաս հասցնելն է: Սակայն տեղի բնակչությունը չի լքում իր տունն ու տեղը: Բնակավայրերից դուրս գալու հարց չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղն էին հրթիռակոծել։