Ճապոնիայում մեկնարկել է Cool Biz ակցիան, որի շրջանակում պետական ծառայողներն աշխատավայր են ներկայանում թեթև հագուստով և առանց փողկապի

14:07 • 07.05.19

Ճապոնիայում երկար հանգստյան օրերի պատճառով մեկ շաբաթ ուշացմամբ սկսվել է Cool biz ակցիան, որի շրջանակում եղանակի տաքացմանը զուգահեռ պետական ծառայողներն աշխատանքի են գնում առանց փողկապների: Ինչպես նշում է РИА Новости-ն, դա թույլ է տալիս մայիսյան շոգ օրերին խուսափել օդորակիչներ օգտագործելուց:

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ակցիայի առաջին մասնակիցների շարքում Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներն են: Նրանց են միացել կառավարության գլխավոր քարտուղարը, պաշտպանության, արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարները. նրանք բոլորն աշխատանքի են ներկայացել առանց փողկապների, մինչդեռ արտաքին գործերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը և մի քանի այլ պաշտոնյաներ որոշել են հավատարիմ մնալ պաշտոնական հագուստին:

Ճապոնիայում Сool biz համազգային ակցիան անց է կացվում 2005թ.-ից: Դրա նպատակն է պայքարել ջերմոցային էֆեկտի դեմ օդորակիչների ծանրաբեռնվածության նվազեցման միջոցով: Հանուն այս նպատակի պետական ծառայողներին թույլատրվում է աշխատանքի ներկայանալ ավելի թեթև հագուստով:

Ի սկզբանե ակցիան իրականացվում էր հունիսի 1-ից սեպտեմբերի 31-ը, սակայն 2011թ.-ից ի վեր, երբ մարտի 11-ի երկրաշարժից և «Ֆուկուշիմա 1» ատոմակայանի վթարից հետո Ճապոնիան սկսեց բոլոր ատոմակայանների շարքից դուրս գալու պատճառով էլեկտրաէներգիա խնայել, ակցիան իրականացվում է մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը: Այս տարի, սակայն, հոկտեմբերին սպասվող շոգ օրերի բացակայության պատճառով Cool Biz-ը կտևի մինչև սեպտեմբերի վերջ: