«Մենք կույր չենք». Չեխիայում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել (լուսանկարներ)
Մայիսի 6-ին Չեխիայում հազարավոր մարդիկ մայրաքաղաք Պրահայի կենտրոնական փողոցներ են դուրս եկել՝ բողոքի ցույց անցկացնելու երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի և նրա կառավարության դեմ, հաղորդում է Reuters-ը:
Ցուցարարները մեղադրել են Բաբիշին կոռուպցիայի համար: Բացի այդ, նրանք պահանջել են արդարադատության նոր նախարար Մարիա Բենեշովայի հրաժարականը: Ցույցի մասնակիցները մտավախություն են հայտնել, որ Բենեշովան կարող է արդարացնել Բաբիշին նրա դեմ առաջադրված մեղադրանքների մասով:
Ցույցի մասնակիցները ծածանել են ազգային դրոշը և վանկարկել «Մենք կույր չենք» կարգախոսը: Մասշտաբային ցույցեր են անցկացվել նաև Բռնո և Օստրավա քաղաքներում:
Ցուցարարները հիշեցրել են հետաքննության մասին, որի արդյունքում բացահայտվել էր, որ միլիարդատեր և նախկին ձեռնարկատեր Բաբիշը 2007թ.-ին իրեն պատկանող Agrofert ընկերության օգտին Եվրամիությունից ապօրինաբար 2 մլն դոլարի սուբսիդիաներ է ստացել, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել մանր ձեռնարկությունների աջակցության համար:
Ինքը՝ վարչապետը, ժխտել է իր դեմ առաջադրված մեղադրանքները, ինչպես նաև հայտնել, որ Բենեշովայի նշանակումն այդ պաշտոնին չի սպառնում արդարադատությանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատն արդեն փորձել է Անդրեյ Բաբիշի կառավարությանն անվստահության քվե հայտնել: Այն ժամանակ դա պայմանավորված էր վարչապետի տղայի հետ կապված սկանդալով, որին իբր բուժման էին ուղարկել «բռնակցված» Ղրիմ:










