Իտալացի բժիշկները բացատրել են, թե ինչու դա Վինչին չի կարողացել ավարտին հասցնել «Մոնա Լիզա» կտավը

11:41 • 07.05.19

Վերածննդի դարաշրջանի ականավոր գործիչ, գիտնական և գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչին չի կարողացել ավարտին հասցնել «Մոնա Լիզա» հայտնի կտավի աշխատանքները «մագիլանման ձեռքի»՝ դաստակի ֆունկցիոնալ խանգարման պատճառով, որն առաջանում է արմունկի նյարդի վնասվածքից: Ինչպես նշում է Ars Technica հարթակը, նման եզրահանգման են եկել իտալացի նյարդաբան Կառլո Ռոսսին և պլաստիկ վիրաբույժ Դավիդե Լաձերին:

Այս տեսությունը հիմնված է նկարների վրա, որոնցում դա Վինչին պատկերված է, այսպես կոչված, մագիլանման ձեռքով: Պատմաբանները ենթադրում են, որ ձեռքը չի գործել կաթվածի պատճառով, որն ի հայտ է եկել կաթնամթերքով գերհագեցած բուսական սննդակարգի ֆոնին:  

Մինչ այդ մասնագետները կարծում էին, որ դա Վինչին տառապել է Դյուպյուիտրենի հիվանդությամբ (ափափակեղային ֆիբրոմատոզ, վիկինգի հիվանդություն), որի դեպքում մատներն ամբողջությամբ չեն գործում. դրանք ձգվում ու մնում են մշտապես ծալված դիրքում:

Նոր հետազոտության արդյունքում, սակայն, գիտնականներն ուշադրություն են հրավիրել տարեց Լեոնարդոյի՝ Ջովաննի Ամբրոջո Ֆիգինոյի կողմից արված դիմանկարին, որում նկարչի ձեռքը ծածկված է հագուստով և գտնվում է կորացած վիճակում, ինչը խոսում է կաթվածից հետո առաջացած վնասվածքի մասին:

 

Իտալացի բժիշկները բացատրել են, թե ինչու դա Վինչին չի կարողացել ավարտին հասցնել «Մոնա Լիզա» կտավը