Ավստրալիայում ակտիվիստուհին ձու է նետել վարչապետի գլխին (տեսանյութ)

12:48 • 07.05.19

Քսանչորսամյա ավստրալացի ակտիվիստուհին հավկիթով հարվածել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, որը մասնակցում էր մայիսի 18-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների քարոզարշավին:

Ինչպես նշում է Reuters-ը, հավկիթով հարվածելուց հետո անվտանգության ծառայության աշխատակիցներն ակտիվիստուհուն քարշ տալով հեռացրել են: Ավելի ուշ երիտասարդ աղջկա դեմ մեղադրանք է ներկայացվել:

Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության փոխանցմամբ՝ ակտիվիստուհին մոտեցել է վարչապետին ու ձուն նետել նրա գլխին: Աղջիկը ձերբակալվել է, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել: Իրավապահները խուզարկության ժամանակ նրա մոտ թմրանյութ են հայտնաբերել:

Ավստրալուհին ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ այսկերպ փորձել է բողոքել փախստականների նկատմամբ իշխանությունների վատ վերաբերմունքի դեմ:

Մինչդեռ հարձակման ենթարկված վարչապետը, մեկնաբանելով միջադեպը, նշել է, որ «իրենք պայքարելու են ոչ ոքի հանդեպ հարգանք չունեցող վախկոտ ակտիվիստների դեմ»:

«Չի կարելի այս տեսակ տգեղ տարբերակներով բողոքել միայն այն պատճառով, որ մեկ այլ մարդ ուրիշ կարծիք ունի: Մենք պետք է սովորենք մեր անհամաձայնությունն ավելի ճիշտ արտահայտելու ձևը»,-նշել է նա: