Պորոշենկոն չի ներկայացել Գլխավոր դատախազությունում հարցաքննությանը
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն չի ներկայացել Գլխավոր դատախազություն, որտեղ նրան հարցաքննության են կանչել Եվրամայդանի դեպքերի առնչությամբ գործի շրջանակում:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ վկայակոչելով դատախազության հատուկ հետաքննությունների վարչության պետ Սերգեյ Գորբատյուկին, նախագահը Եվրամայդանի ժամանակ մարդկանց մահվան դեպքերի գործով որպես վկա է անցնում:
«Ցավոք, ինչպես տեսնում եք, վկան հարցաքննության չի ներկայացել, քննիչի հետ որևէ մեկը կապ չի հաստատել, չներկայանալու պատճառները հայտնի չեն, հարցաքննության օրվա տեղափոխման մասին խնդրանք չի եղել»,-լրագրողներին հայտնել է Գորբատյուկը:
Պաշտոնյան մանրամասնել է, որ քննիչները որոշել են Պորոշենկոյին հարցաքննության կանչել, երբ երկրի ղեկավարը հանրային ելույթների ժամանակ նոր, նախկինում անհայտ տվյալներ է ներկայացրել: Պորոշենկոյի խոսքով՝ Եվրամայդանի ժամանակ ինքն անձամբ է դուրս բերել մահացածների դիերը, ինչպես նաև օգնել է տուժածներին:
Սակայն լրագրող Տատյանա Վիսոցկայայի կարծիքով՝ Պորոշենկոն չափազանցնում է իր դերն ու փորձում է խեղաթյուրել պատմությունը:
Եվրամայդանի ակտիվ մասնակից, ուկրաինացի քաղաքական գործիչ Օլեգ Ցարյովն իր հերթին նշել է, որ Պորոշենկոն չէր կարող այդ դեպքերի ժամանակ դուրս հանել զոհերի դիերն ու վիրավորներին, քանի որ չափազանց հազվադեպ էր այնտեղ հայտնվում և առհասարակ երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել, թե ում կողմից է:










