The Prodigy խմբի հանգուցյալ անդամ Քիթ Ֆլինթի արյան մեջ ալկոհոլ, կոկաին և կոդեին է հայտնաբերվել
Բրիտանական The Prodigy ռոք խմբի վոկալիստ Քիթ Ֆլինթը մահվանից առաջ զգալի քանակությամբ ալկոհոլ, կոկաին և կոդեին տեսակի թմրամիջոցներ է օգտագործել, հաղորդում է BBC-ն՝ հետաքննությանը հղումով:
Էսսեքս կոմսության ավագ դատաքննիչ Քերոլայն Բիսլի Մյուրրեյը հետաքննության արդյունքում երգչի մահվան վերաբերյալ բաց եզրակացություն է ներկայացրել, որում ասվում է, որ ոչ մի ապացույց չկա կարծելու, թե Ֆլինթն ինքնասպան է եղել:
«Մենք երբեք հստակ չենք իմանա՝ ինչ էր կատարվում նրա գլխում այդ օրը: Ես դիտարկել եմ ինքնասպանության վարկածը, սակայն, ուսումնասիրելով դեպքի հանգամանքները, բավարար հիմքեր չունեմ դա հաստատելու համար», -ասել է դատաքննիչը:
Հիշեցնենք, որ The Prodigy հայտնի խմբի 49-ամյա վոկալիստի դին հայտնաբերվել էր մարտի 4-ին՝ Էսսեքս կոմսության Դանմոու քաղաքի իր տանը:
The Prodigy-ն ճանաչում է ձեռք բերել 1990-ականների սկզբին՝ դառնալով էլեկտրոնային երաժշտության ոլորտում բրիտանական ամենահայտնի խմբերից:










