Նիդեռլանդների պետական թանգարանը Ռեմբրանդտի կտավը Ռոտշիլդների ընտանիքից 165 մլն եվրոյով գնելու պատրաստակամություն է հայտնել
Նիդեռլանդների պետական թանգարանը պատրաստ է 165 մլն եվրո վճարել Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղից հոլանդացի հայտնի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի կտավի համար, հաղորդում է NRC պարբերականը՝ Ֆրանսիացի արվեստագետ Դիդիե Ռեյկներին հղումով:
Խոսքը նկարչի «Դրոշակակիրը» կտավի մասին է, որը ներկայիս սեփականատերերի կողմից վաճառքի է հանվել 2018թ.-ի հուլիսին:
Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի կառավարությունը երկրի թանգարաններին 3 ամիս է տվել կտավը ձեռք բերելու համար: Ռեյկները, սակայն, հայտարարել է, որ եթե Ֆրանսիայում կտավի համար գնորդ չգտնվի, Նիդեռլանդների պետական թանգարանը պատրաստ է վճարել 1636թ.-ին արված կտավի դիմաց պահանջվող գինը:
Նա տխուր և ամոթալի է համարել այն փաստը, որ 9 ամսվա մեջ Ֆրանսիայի իշխանություններն արվեստի գործը երկրում պահելու համար ոչ մի միջոց չեն ձեռնարկել և, ինչպես երևում է, չեն պատրաստվում միջամտել գործին:
2014թ.-ին Ռոտշիլդների ընտանիքը համաձայնության էր եկել Ռեմբրանդտի կողմից 1634թ.-ին արված՝ Մարտեն Սոլմանսի և Օպկեն Կոպպիտի հարսանեկան դիմանկարները Նիդեռլանդների պետական թանգարանին վաճառելու շուրջ, սակայն Ֆրանսիայում այդ առնչությամբ դժգոհության ալիք էր բարձրացել: Արվեստի գործը երկրից դուրս բերելու թույլտվության հետ կապված խնդիրները հանգեցրել էին նրան, որ ֆրանսիական և նիդեռլանդական իշխանությունները միասին էին ձեռք բերել կտավները՝ 160 մլն եվրոյով: Այժմ դրանք հերթով ցուցադրվում են Ամստերդամում և Փարիզում:
/s3/static.nrc.nl/bvhw/files/2019/05/data44408857-4c0fd2.jpg)










