Կարծում եմ՝ այստեղ անձնական հարց է. Տիգրան Գալստյանը` «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամների ահազանգի մասին

22:09 • 11.05.19

Եթե ասում են, որ Քարահունջում սխալ են պեղումները արվում, թող կոնկրետ ասեն` ինչն է սխալ, ոչ թե էմոցիոնալ բաներ ասեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն` անդրադառնալով  «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամների բարձրացրած ահազանգին: Ըստ նախաձեռնության հայտարարության՝ այնտեղ իրականացվող պեղումները նպատակ ունեն ապացուցելու, թե Քարահունջը քարե աստղադիտարան չէ, այսինքն՝ փորձ է արվում արժեզրկել այն, իսկ պեղումներն արվում են խախտումներով:

«Եթե ունեն փաստեր, որ հնագիտական շերտ է վնասվել, թող ներկայացնեն»,-ասաց Տիգրան Գալստյանը:

Նա նշեց, որ Մշակույթի նախարարության հնագիտական միջգերատեսչական հանձնաժողովի հնագետներն իրենց մասնագիտական դիրքորոշումը հայտնել են, որ նման խնդիր չկա:  

«Ահազանգը հիմնականում բարձրաձայնում են Հերունու ազգականները և իմ դիտարկմամբ՝ այստեղ անձնական հարց կա: Հերունին մեծ ակադեմիկոս և աստղագետ էր, բայց  հնագիտության մեջ ուսումնասիրություններ է կատարել, որը հնագետների կողմից ընդունելի չեն: Ամեն գիտնական իր կարծիքը կարող է ունենալ, թե Քարահունջը աստղադիտարան է, թե ոչ: Իմ վերաբերմունքը այն է, որ գիտնականները կարող են կարծել ինչ ցանկանում են, մեր գործը հետևելն է, որ հուշարձանը պահպանվի, պահվի՝ համաձայն պեղումների կանոնների և չշեղվի դրանցից»,-ասաց Գալստյանը:

Ինչ վերաբերում է պեղումների խախտումներին և դրանց ժամանակ ծանր տեխնիկա օգտագործելու խնդրին, ապա փոխնախարարը նշեց, որ պեղումների ժամանակ ոչ միայն քլունգ, այլ նաև այլ տեխնիկա կարող է օգտագործվել:

«Պեղումների ժամանակ հողը հանելուց կարող են տարբեր տեխնիկա օգտագործել: Քլունգով պեղում անելը որևէ տեղ արգելված չէ, եթե զրոյական հողն է հանվում»,-ասաց նա և տեղեկացրեց, որ այս պահին պեղումներ չեն ընթանում: Նա կոչ արեց հարցը էմոցիոնալ դաշտից դուրս նայել:

Տիգրան Գալստյանը նշեց, որ իրենք նպատակ ունեն, որ Քարահունջում լինի ավելի լավ կազմակերպված հսկողություն, և ճանապարհը վերակառուցվի, որպեսզի համար կանգառ լինի զբոսաշրջիկների համար:

Ինչ վերաբերում այն հայտարարությանը, թե Պատմամշակութային արգելոց-թանգարանների ՊՈԱԿ փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը մեղադրվել է էրեբունի թանգարանից գտածոներ յուրացնելու մեջ և իրեն արգելել են մոտենալ որևէ հուշարձանին և պեղումներ անել, Տիգրան Գալստյանը նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում:

 

 

Կարծում եմ՝ այստեղ անձնական հարց է. Տիգրան Գալստյանը` «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամների ահազանգի մասին