ԱՄՆ-ում «Գահերի խաղ»-ի երկրպագուները սկսել են իրենց երեխաներին առավել հաճախ սերիալի հերոսների պատվին անվանակոչել
Միացյալ Նահանգներում ծնողներն առավել հաճախ են սկսել իրենց երեխաներին անվանակոչել «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի հերոսների պատվին: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ երկրի Սոցիալական ապահովության ծառայությանը հղումով:
2018 թվականին երկրում 560 նորածին աղջկա տրվել է Կխալիսի անունը, որը սերիալում թարգմանաբար նշանակում է «թագուհի»:
Նաև աղջիկների շրջանում տարածված է Արյա անունը՝ Արյա Սթարկի պատվին: Նախորդ տարի այդ անունն է տրվել 2545 նորածնի:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ սերիալից հայտնի այս երկու անունները նորածինների ամենահայտնի անունների հազարյակի մեջ են մտնում:
«Գահերի խաղը» սերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հիման վրա, որում գործողությունները տեղի են ունենում 2 հորինված մայրցամաքում, որտեղ մի քանի արիստոկրատ ընտանիքներ պայքարում են Վեստերոսի թագավորություններում իշխանություն հաստատելու համար: Վերջին՝ ութերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 15-ին:










