Հայտնի են Միրզոյանական 6-րդ մրցույթի հաղթողները
Ավարտվել է Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 11-ից 13-ը կայացած իր տեսակով եզակի կոմպոզիտորական ստուգատեսը մեկ հարկի տակ էր համախմբել 10 հայազգի պատանի ստեղծագործողի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից, Ռուսատասանի Դաշնությունից, Լիբանանից: Երկու տարիքային խմբերում ընդգրկված պատանիների ստեղծագործությունները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանը և Էդուարդ Հայրապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
Ավագ խմբում ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակ չի շնորհվել: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էրիկա Մարկոսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան), իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Էմիլի Հովհաննիսյանը (Ֆրանսիա) և Ռուբեն Ավագյանը (դաս.՝ Արփինե Կալինինա):
Կրտսեր խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էդգար Մխիթարյանը (Մարիա Ղուշչյան), երկրորդ հորիզոնականը՝ Էդուարդ Ալեքսանյանը (դաս.՝ Գեղունի Չթչյան), իսկ հաղթողի կոչումը կիսել են Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Մերի Առակյանը (դաս.՝ Նարինե Մխիթարյան): Ի դեպ, վերջինս արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի:
Մասնակիցները պարգևատրվել են խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները՝ անվանական հուշանվերներով, պատվոգրերով: Բացի դրանից, նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում: Առաջին մրցանակակիրները Միրզոյան ֆոնդի կողմից ստացել են նաև դրամական պարգևներ: Ի դեպ, բոլոր մասնակիցների համար պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից:










