Կաննի կինոփառատոնում հատվածներ են ցուցադրել Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմից
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի մասին վավերագրական ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում, որն այս օրերին անցկացվում է Ֆրանսիայի Լազուրե ափին:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, «Շառլ. Հատուկ հայացք» ժապավենի ցուցադրությունը տեղի է ունեցել ռուսական տաղավարում: Ֆիլմի ներկայացման կազմակերպիչը «Ռոսկինոն» է եղել:
Որպես ֆիլմի պրոդյուսերներ հանդես են եկել Շառլ Դե Մոն, Միշա Ազնավուրը և Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսորը Մարկ դի Դոմենիկոն է: Հյուրերին և լրագրողներին տեսակադրեր են ցուցադրվել, որոնք արվել են հենց մաեստրոյի կողմից իր հյուրախաղերի, ճանապարհորդությունների և իրեն հարազատ մարդկանց հետ շփման ժամանակ:
Երաժշտությունը ֆիլմի համար հավաքվել է 50-ականներից մինչև հիմա արված ձայնագրություններից: Ինչպես նշել են «Ռոսկինոյից», ֆիլմը կապված է Ազնավուրի կյանքի տարբեր շրջափուլերի հետ. այն վեպ է կյանքի, մանկության, ճանապարհորդությունների, հանդիպումների, անհաջողությունների, նվաճումների, ուրախությունների, տխրության, վախերի, խիզախության և, առաջին հերթին, սիրո մասին:










