Հանդիսատեսը 7 րոպե ոտնկայս ծափահարել է. Բրեդ Փիթը, Դի Կապրիոն և մյուս աստղերը՝ Կաննում Տարանտինոյի նոր ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Հեղինակավոր Կաննի կինոփառատոնում տեղի է ունեցել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա են եղել գլխավոր դերակատարներ Բրեդ Փիթը, Լեոնարդո դի Կապրիոն, Մարգո Ռոբին և այլ ճանաչված դեմքեր:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ֆիլմի դիտումից հետո տպավորված հանդիսատեսը 7 րոպե շարունակ կանգնած ծափահարել է:
Հայտնի է, որ Ֆիլմում նկարահանվել են նաև Ալ Պաչինոն և Դակոտա Ֆաննինգը:
Տարանտինոյի նոր ֆիլմում դեպքերը տեղի են ունենում 1969թ. Լոս Անջելեսում ու ներկայացնում են 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկի՝ Չարլզ Մենսոնի հետևորդների կողմից իրագործված սպանությունները:
Նշվում է, որ Դի Կապրիոյի մարմնավորած հերոսը Ռիք Դալթոնն է, իսկ Բրեդ Փիթինը՝ Քլիֆ Բութը:
Հայտնի է, որ ռեժիսորը նախկին կինոնախագծերի շրջանակում համագործակցել էր և՛ Դի Կապրիոյի, և՛ Փիթի հետ:
«Ես այս սցենարի վրա աշխատել եմ 5 տարի»,-պատմել է Տարանտինոն՝ ընդգծելով, որ իր համար անչափ կարևոր է այս պատմության մասին ֆիլմ նկարահանելը:
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Մենսոնի հետևորդների կողմից սպանված դերասանուհի Շերոն Թեյթի մահվան 50-րդ տարելիցի օրը: Ի դեպ, Թեյթին մարմնավորել է Մարգո Ռոբին:































