Հայտնի է Բուքերյան միջազգային մրցանակի այս տարվա դափնեկրի անունը

11:34 • 22.05.19

Այս տարի գրականության ոլորտում շնորհվող Բուքերյան միջազգային մրցանակի դափնեկիրը գրող և ուսուցչուհի Ջոխա ալ Հարթհին է՝ Օմանից:

Ինչպես նշում է The Guardian-ը, մրցանակը շնորհվել է նրա «Երկնային մարմիններ» (Celestial Bodies) գրքի համար: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի Roundhouse համերգային սրահում:

«Երկնային մարմիններ» վեպը պատմում է օմանցի 3 քույրերի պատմությունը, որոնցից յուրաքանչյուրն ընտրել է կյանքի իր բարդ ուղին: Կոչումից և մրցանակից բացի Ալ Հարթհին նաև մոտ 63 000 դոլար է ստացել, որը, կանոնների համաձայն, կիսվում է գրողի և վեպի թարգմանչի միջև:

Այս տարի հեղինակավոր մրցանակի հավակնորդների շարքում են եղել լեհ գրող և բանաստեղծուհի Օլգա Տակարչուկը՝ «Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով» (Drive Your Plow Over The Bones Of The Dead) վեպով, գերմանացի կին գրող Մարիոն Պոշմանը՝ «Սոճու կղզիները» (The Pine Islands) վեպով և կոլումբացի Խուան Գաբրիել Վասկեսը՝ «Ավերակների ձևը» (The Shape Of The Ruins) վեպով:

Բուքերյան միջազգային մրցանակը շնորհվում է 2005թ.-ից՝ ցանկացած լեզվով գրված, անգլերեն թարգմանված և Մեծ Բրիտանիայում հրատարակված գրքի, ինչպես նաև տվյալ հեղինակի ստեղծագործության և ավանդի համար: Մինչև 2015թ.-ը մրցանակը շնորհվում էր երկու տարին մեկ, իսկ 2016թ.-ից այն ամենամյա է դարձել: